Ռուսաստանում և Վրաստանում ՀՀ դեսպանությունները ժամանակավորապես դադարեցնում են անձնագրերի տրամադրման ծառայությունը
Հայաստանում անձը հաստատող փաստաթղթերի նոր կենսաչափական համակարգի ներդրման կապակցությամբ՝ 2026 թվականի հոկտեմբերի 5-ից Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության և հյուպատոսական հիմնարկների միջոցով ժամանակավորապես կդադարեցվի անձնագրերի տրամադրման և փոխանակման ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ տեսազանգի միջոցով։
Ծառայությունների մատուցման վերսկսման ժամկետների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի լրացուցիչ։
Ռուսաստանում Հայաստանի դեսպանություն
***
Տեղեկացնում ենք, որ 2026թ. մայիսի 11-ին ընդունվել է «Անձը հաստատող փաստաթղթերի մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում անձը հաստատող փաստաթղթերի կենսաչափական նոր համակարգի ներդրում:
Նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված անցումային գործընթացի կազմակերպման նպատակով՝ 2026 թ. հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով, այդ թվում՝ տեսակապով, անձնագրերի տրամադրման (փոխանակման) ծառայության մատուցումը:
Ծառայության մատուցման վերսկսման ժամկետների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կհրապարակվի Վրաստանում ՀՀ դեսպանության պաշտոնական տեղեկատվական հարթակներում:
Վրաստանում ՀՀ դեսպանություն

