Իրանը նվաստացրել է ԱՄՆ-ին՝ որսալով նրա ստորջրյա գաղտնի դրոնը

Սարքից այժմ համապատասխան տեղեկություններ են դուրս հանվում

 

Դեպքը բոլորովին թարմ է: Ինչպես հայտնի դարձավ այսօր, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Հորմուզի նեղուցում որսացել է ամերիկյան «Remus 600» ստորջրյա դրոնը։ Ամենայն հավանականությամբ, սարքի գրավումը կատարվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կիրառմամբ, որոնք ճնշել կամ անջատել են ամերիկյան օպերատորի կապը ստորջրյա դրոնի հետ և, միաժամանակ, ԻՀՊԿ-ին հնարավորություն ընձեռել սարքի կառավարումը վերցնել իրենց ձեռքը;

ԻՀՊԿ-ը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ևս մեկ ստորջրյա դրոն է որսացել: Խոսքը «Remus 600» սարքի մասին է, որն ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն օգտագործում են ականներ գտնելու և հատակի ռելիեֆը նկարահանելու համար։ Այժմ դրանից տվյալներ են քաղվում։ Ընդ որում, տեղի ունեցածն այս ամիս ԱՄՆ-ի գաղտնի տեխնիկայի գրավման առաջին դեպքը չէ։ Սեպտեմբերի 8-ին ԻՀՊԿ- ն Հորմուզի նեղուցում որսացել է ամերիկյան 5,8 մետրանոց, շուրջ 3 տոննա կշռող «Dive-LD» ինքնավար ստորջրյա սարքը, որն ունակ է սուզվել մինչև 6000 մետր ու ջրի տակ, մինչև հերթական սպասարկումը, գործել 10 օր:

«Аргументы и факты»-ին տված բացառիկ մեկնաբանության  մեջ քաղաքագետ, Մոսկվայի պետական համալսարանի պատմության և քաղաքականության ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Շապովալովը նշել է, որ դրանք նշանակալի իրադարձություններ են, քանի որ ցույց են տալիս Իրանի հնարավորությունները: Նա նաև բացատրել է, թե ինչու Իրանը դարձավ Մերձավոր Արևելքում թիվ 1 տերությունը, և ինչ կլինի ԱՄՆ-ի հետ:

«Ոչ մի անակնկալ չկա այն բանում, որ ամերիկյան ստորջրյա անօդաչու սարքը գտնվել է Հորմուզի նեղուցում,- ասել է նա։- Այստեղ կարևորն այն է, որ Իրանը բավարար հնարավորություններ ունի ամերիկյան անանձնակազմ սուզանավերը գրավելու և ամերիկյան ԱԹՍ-ները խոցելու համար։ Դա վկայում է, որ Իրանը լուրջ տեխնոլոգիաներ, ռեսուրսներ և հնարավորություններ ունի»:

Ըստ Շապովալովի բացատրության, Իրանը, հասկանալով պատերազմի անխուսափելիությունը, վերջին տարիներին ակտիվորեն զարգացրել է իր տեխնոլոգիաները և կառուցել ռազմական գործարաններ։ Այժմ նա շարունակում է կատարելագործել իր սպառազինությունը և մեծացնել մարտունակությունը։

«Իրանն արդեն հիմա դարձել է թիվ մեկ տերությունը Մերձավոր Արևելքում,- ասել է քաղաքագետը։- Եթե նախկինում խոսվում էր այն մասին, որ կան Իսրայել, Թուրքիա, Սաուդյան Արաբիա, ապա այժմ մենք տեսնում ենք, որ Սաուդյան Արաբիան ի վիճակի չէ հաղթահարել հուսիթներին, Իսրայելը չի կարող որևէ կերպ հաղթել Գազայի հատվածում։ Իրանը զսպեց և, ըստ էության, տապալեց ամենամեծ ռազմական բյուջե ունեցող, աշխարհի ամենաուժեղ ռազմական տերության հարձակումը: Իրանն, անշուշտ, թիվ մեկն է Մերձավոր Արևելքում, և դրա հետ պետք է հաշվի նստեն բոլորը»:

Քաղաքագետի կարծիքով, Իրանն առաջիկա տարիներին ԱՄՆ-ին կստիպի հեռանալ մերձավորարևելյան տարածաշրջանից:

«Հեռանկարում ամերիկացիները տեղ չեն ունենա Մերձավոր Արևելքում,- ասել է Շապովալովը։- Խոսքը 5-10-ը տարվա ժամանակահատվածի մասին է, որի ընթացքում ամերիկացիները ստիպված կլինեն տարհանվել Մերձավոր Արևելքից։ Դա ուժեղ հարված կլինի ամերիկյան կայսրությանը, ամերիկյան հզորությանը և, ընդհանուր առմամբ, աշխարհի շատ լուրջ վերաբաշխում»:

Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա դրոնների գրավումը Մերձավոր Արևելքում խորքային փոփոխությունների վառ նախանշան է դարձել։ Իրանը ցուցադրում է ոչ միայն տեխնոլոգիական կայացվածություն, այլև ռազմավարական կամք, որը, Վլադիմիր Շապովալովի գնահատմամբ, երկիրն արդեն իսկ վերածել է տարածաշրջանային թիվ մեկ տերության:

Դժվար է ասել՝ կդառնա՞ իրականություն քաղաքագետի կանխատեսումը, որ ԱՄՆ-ն առաջիկա տասնամյակի ընթացքում ստիպված կլինի լքել տարածաշրջանը, ինչը լուրջ հարված կլինի ամերիկյան ազդեցությանը և աշխարհի նոր վերաբաշխման նախանշան կդառնա, թե՞ դա ցանկալին իրականության տեղ ներկայացնելու արտահայտություն է: Այս հարցի պատասխանը կարող է միայն ժամանակը տալ:

Ինչ վերաբերվում է Շապովալովի այն գնահատականին, թե Իրանն արդեն հիմա դարձել է թիվ մեկ տերությունը, ապա Իսրայելի հետ համեմատության առումով պետք է վերապահում անել: Իր բանակի մարտունակության և, ընդհանրապես, ռազմական ընդհանուր կարողությունների, ժողովրդի կամքի և ոգու առումներով Իրանը գերազանցում է Իսրայելին, սակայն չպետք է անտեսել, որ Իսրայելը միջուկային զենք ունի, ինչը նրան դարձնում է տարածաշրջանի թիվ 1 ռազմական տերությունը:

Անդրադառնալով ամերիկյան «Remus 600» և «Dive-LD» ստորջրյա ինքնավար սարքերի գրավմանը, չբացառենք, որ դրանք կարող էին կատարվել Չինաստանի կամ Ռուսաստանի տրամադրած միջոցներով, մինչև իսկ նշված պետություններից մեկնումեկի մասնագետների մասնակցությամբ: Բացառված չէ նաև, որ վերոնշյալ սարքերը համապատասխան հետազոտությունների համար կարող է արդեն տեղափոխված լինեն Չինաստան կամ Ռուսաստան, կամ էլ նշված պետություններից մեկի կամ մյուսի մասնագետները նույն նպատակով արդեն ժամանած լինեն Իրան:

Նախորդ տեղեկատվության հետ գրեթե միաժամանակ հրապարակվեց ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հայտարարությունը Ռուսաստանյան պետական հումանիտար համալսարանում կազմակերպված միջոցառման ժամանակ:

«Новости Mail»-ի տեղեկացմամբ, գնահատելով Մոսկվայի և Թեհրանի կապերի ներկայիս վիճակը, դիվանագետը նշել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերություններն այժմ վերելքի փուլում են:

«Բայց հիմա մենք իսկապես գտնվում ենք մեր հարաբերությունների վերելքի վրա, և որքան հրաշալի է այդ վերելքը»,- ասել է Ջալալին:

Դեսպանի խոսքով՝ երկու պետությունների ղեկավարները պահպանում են մշտական երկխոսությունը՝ պարբերաբար բարձր մակարդակով շփումներ իրականացնելով:

ՌԴ-ն, իր հերթին, բնավ չի թաքցնում, որ Ռուսաստանն ու Իրանը ամրապնդում են ռազմավարական գործընկերությունը Մերձավոր Արևելքում ճգնաժամի ֆոնին:

 

Արթուր Հովհաննիսյան