Շարունակում ենք թռիչքներ իրականացնել նաև դեպի ՀՀ. «Իմամ Խոմեյնի» օդանավակայանի տնօրեն
Իրանական ավիաընկերությունները շարունակում են թռիչքներ իրականացնել դեպի Չինաստան, Հայաստան, Ռուսաստան և Թուրքիա, հայտնել է Իրանի «Իմամ Խոմեյնի» օդանավակայանի գործադիր տնօրեն Ռամին Քաշեֆ Ազարը։ Այս մասին գրում է Sputnik Armenian-ն։
Սեպտեմբերի 23-ից ուժի մեջ են մտել Իրանի ավիացիոն ոլորտի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները: Վաշինգտոնը սպառնում է, որ «ցանկացած օդանավակայան կամ ընկերություն, որը կսպասարկի իրանական փոխադրողներին, ռիսկի է դիմում դուրս մղվել ամերիկյան դոլարային համակարգից»:
Այս ֆոնին մի շարք երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը, Վրաստանը, Օմանը, ԱՄԷ-ն և Իրաքը, փակել են իրենց օդանավակայանները իրանական ավիափոխադրողների համար։
«Ներկայումս շարունակվում են դեպի Չինաստան, Հայաստան, Ռուսաստան, Թուրքիա (բացառությամբ «Մահան» ավիաընկերության չվերթերի) թռիչքները, և դրանց չվացուցակում որևէ փոփոխություն չի կատարվել»,–ասել է «Իմամ Խոմեյնի» օդանավակայանի գործադիր տնօրենը։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակի համաձայն՝ այսօր նախատեսված է երկու չվերթ Թեհրանից դեպի Երևան։

