Ոսկեհատի կամուրջը երկկողմանի փակ է երթևեկության համար
Մ-3 միջպետական ավտոճանապարհի՝ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասից դեպի Ոսկեհատ և Մարգարա տանող հատվածում գտնվող Ոսկեհատի կամուրջը երեկվանից՝ սեպտեմբերի 24-ից, երկկողմանի փակ է երթևեկության համար։
Կամուրջը վթարային է։ Դրա ողջ երկայնքով ասֆալտը քայքայված է, բազմաթիվ փոսեր են առաջացել, բացվել են կարերը։ Քայքայվել են ոչ միայն ճանապարհի ասֆալտածածկույթը, այլև կամուրջի կոնստրուկցիաները։ Որոշ հատվածներում արդեն երևում են մետաղական մասերը։
Գրեթե ամբողջությամբ վնասված են նաև կամուրջի արգելապատնեշները։ Դրանք այլևս պատշաճ կերպով չեն ապահովում ճանապարհի եզրային հատվածների անվտանգությունը։
Վաղարշապատի համայնքապետարանը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Ճանապարհային դեպարտամենտի վերահսկողության ներքո գտնվող կամուրջը փակվել է վթարային վիճակի պատճառով՝ տրանսպորտային միջոցների անվտանգությունն ապահովելու և հնարավոր վտանգները կանխելու նպատակով։
Համայնքապետարանը վարորդներին հորդորում է օգտվել շրջանցիկ ճանապարհներից։
Այս ճանապարհահատվածը մոտ մեկ տարի է՝ վատ վիճակում է։ Վարորդները բազմիցս բարձրաձայնել են խնդրի մասին, սակայն այն պատշաճ լուծում չի ստացել։ Արդյունքում, ճանապարհի վիճակն ավելի է վատացել, իսկ այժմ արդեն կամուրջը փակվել է երթևեկության համար։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից «Հետքին» հայտնել են, որ ճանապարհի վերանորոգման նպատակով Ճանապարհային դեպարտամենտը մրցույթ է հայտարարել։ Մրցութային փաթեթը կբացվի 2026 թվականի սեպտեմբերի 28-ին։ Տեսականորեն հնարավոր է մրցույթին մասնակցող ընկերություն չլինի և նոր մրցույթ հայտարարվի։
Այս պահին հայտնի չէ, թե որքան ժամանակ կամուրջը փակ կմնա երթևեկության համար։ Նախարարությունը ևս սրա պատասխանը չունի։ Պարզ կլինի՝ սեպտեմբերի 28-ից հետո։

