Համայնքը հետևողականորեն աշխատում է պատասխանատու կառույցների հետ՝ ստեղծված իրավիճակի հնարավորինս արագ կարգավորման ուղղությամբ. Մասիս համայնքի ղեկավար
Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը գրում է.
«ՀԱՐԳԵԼԻ՛ ԲՆԱԿԻՉՆԵՐ,
Ինչպես գիտեք, օրեր առաջ փլուզվել է դեպի Ռանչպար բնակավայր տանող կամուրջը՝ առաջացնելով բնակիչների տեղաշարժի հետ կապված լուրջ խնդիրներ։
Տեղեկացնում եմ, որ տվյալ կամուրջը գտնվում է (շահագործումը և սպասարկումը) ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության ներքո։
Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ կամրջի տեխնիկական վիճակի վերաբերյալ համայնքը բազմիցս բարձրաձայնել է խնդիրը՝ պարբերաբար տեղեկացնելով համապատասխան պետական և պատասխանատու կառույցներին։
Պատկան կառույցի կողմից իրականացվել են համապատասխան քայլեր, այդ թվում՝ նախագծման աշխատանքներ, և այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Այս պահին ևս համայնքը հետևողականորեն աշխատում է պատասխանատու կառույցների հետ՝ ստեղծված իրավիճակի հնարավորինս արագ կարգավորման և Ռանչպար բնակավայրի բնակիչների անվտանգ ու բնականոն տեղաշարժի ապահովման ուղղությամբ»:

