Իրանը կպահպանի Հորմուզի նեղուցի կառավարումը, եթե ԱՄՆ-ը չընդունի պայմանները
Իրանն անորոշ ժամկետով կպահպանի Հորմուզի նեղուցի վերահսկողությունն ու կառավարումը, եթե ԱՄՆ-ը չընդունի իր առաջադրած պայմանները, հայտնել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի ավագ ռազմական խորհրդական, գեներալ-մայոր Յահյա Սաֆավին, փոխանցել է իրանական Defa Press պարբերականը։
«Իրանը հավերժ կվերահսկի այս նեղուցն ու միջազգային ջրային ուղին և կկառավարի դրանք», – ասել է Յահյա Սաֆավին պարբերականին։ Նա հավելել է. «Մենք Օմանի հետ համաձայնեցրել ենք Հորմուզի նեղուցով անցման մեխանիզմը՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»։
Գեներալը նշել է, որ Իրանը թույլ կտա ազատ անցում այս ռազմավարական ջրային ուղով տարբեր երկրների, այդ թվում՝ Չինաստանի նավերին, սակայն թույլ չի տա անցնել այն նավերին, որոնք համարվում են թշնամական։
Նա նշել է, որ եթե ԱՄՆ-ը ընդունի Իրանի առաջարկներն այս ռազմավարական ջրատարածքի վերաբերյալ, ապա, նրա կարծիքով, «Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը կարող է վերանայել մոտեցումները Հորմուզի նեղուցով նավերի տեղաշարժի մեխանիզմների վերաբերյալ»։
«Մեր նավթի արտահանման զգալի մասն իրականացվում է ծովային ճանապարհով, և մեր թշնամիները ձգտում են ճնշում գործադրել մեզ վրա ծովային շրջափակման միջոցով», – ասել է Սաֆավին՝ ընդգծելով նեղուցի նկատմամբ Իրանի «խելացի վերահսկողության և կառավարման» իրականացման անհրաժեշտությունը։

