Ավետարանչական ընկերակցությունը պետության հետ համատեղ Վարդենիսում կրթահամալիր կկառուցի

Կառավարության նիստում այսօր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի հետ համատեղ կրթահամալիրի կառուցման և շահագործման նախագիծը։
Ավետարանչական ընկերակցությունն արդեն ձեռք էր բերել հողատարածք՝ 300 տեղանոց դպրոցի, 150 տեղանոց մանկապարտեզի և 60 տեղանոց ցերեկային կենտրոնի համար։ Պետությունը և մասնավորը որոշել են միավորել ջանքերը կառավարությունը լրացուցիչ 400 տեղի պայմաններ կստեղծի՝ ապահովելով ընդհանուր 700 աշակերտական տեղով կրթահամալիր։ Ծրագրի իրականացման փուլը նախատեսված է 2026-2029 թվականներին։ Դպրոցում կրթությունն իրականացվելու է հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան։

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, կանխելով հնարավոր քննադատությունները, հայտարարեց, թե այս ծրագրում որևէ կրոնական բաղադրիչ չկա։