Դատարանը քննում է նաև Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, մեկնարկել է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստը։ Այսօր դատարանը քննում է նաև Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը։ 

Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է՝ 2026թ մայիսի 23-ին՝ ՔԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Ըստ ՔԿ-ի՝ Անդրանիկ Թևանյանը, որը պատգամավոր է ընտրվել 2021 թվականին, 2024 թվականի ընթացքում հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության: 

Հատկանշական է, որ Անդրանիկ Թևանյանը 2024թ այլևս պատգամավոր չի եղել, նա մանդատից հրաժարվել է՝ 2023թ ամռանը։ 

Նույն քրեական գործով ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև Արեգնազ Մանուկյանը։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): Թե Թևանյանը, թե Մանուկյանը մեղադրանքը չեն ընդունում։