Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի ընտրությունները․ քվեարկությունը կտևի երեք օր
Ռուսաստանում այսօր 00։00-ից հետո մեկնարկել են Պետական դումայի ընտրությունները։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ քվեարկությունը կտևի երեք օր։
Առաջին անգամ քվեարկությանը մասնակցելու են նաև Ռուսաստանի «4 նոր մարզերի բնակիչները»։
«Հակառակորդը, անշուշտ, փորձելու է խոչընդոտել ընթացքին, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովից վստահեցրել են՝ քվեարկությունն անվտանգ է լինելու անգամ զինվորականների համար»,- հայտնում է աղբյուրը։
Ռուսաստանի նախագահը նախօրեին նշել է, որ այս ընտրությունները շատ առումներով որոշիչ են և պետք է անցնեն օրենքի խստագույն պահպանմամբ։
Նա նաև վստահություն է հայտնել, որ ռուսաստանցիների ընտրությունը կհաստատի ժողովրդի համախմբվածությունը, ինչպես նաև պետականությունն ու երկրի հասարակական-քաղաքական համակարգը խաթարելու ցանկացած փորձի անիմաստությունը։

