Պեկինում մեկնարկել են ԵԱՏՄ-ի օրերը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը սեպտեմբերի 17-ին Պեկինում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության քարտուղարությունում, բացել է «Եվրասիական տնտեսական միության օրերը» միջոցառումը։
«ԵԱՏՄ-ի օրերը» հնարավորություն են տալիս Չինաստանի և այլ գործընկեր երկրների ներկայացուցիչներին ավելի լավ ծանոթանալ Եվրասիական տնտեսական միությանը, դրա զարգացման արդյունքներին, առաջնահերթություններին և ապագայի ծրագրերին։
Սագինտաևի խոսքով՝ վերջին 12 տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է ժամանակակից աշխարհի կարևոր տնտեսական կենտրոններից մեկը։ Միությունը զարգացնում է իր ներքին շուկան, ընդլայնում քաղաքացիների և բիզնեսի հնարավորությունները, ինչպես նաև միջազգային համագործակցությունը։
ԵԱՏՄ-ի կարևոր գործընկերներից է Շանհայի համագործակցության կազմակերպությունը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ՇՀԿ քարտուղարության միջև ձևավորվել են երկարամյա գործնական հարաբերություններ։ Դրանք հիմնված են փոխադարձ հարգանքի, համագործակցության ընդհանուր մոտեցումների և եվրասիական տարածքի պետությունների կայուն զարգացմանը նպաստելու ձգտման վրա։
Սագինտաևը նշել է, որ ԵԱՏՄ-ն և ՇՀԿ-ն ունեն տնտեսական համագործակցությունն ընդլայնելու մեծ ներուժ։ Դրան կարող են նպաստել տրանսպորտային կապերի զարգացումը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, առևտրի ընդլայնումը և բիզնեսի համար նոր հնարավորությունների ստեղծումը։

