ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն

Եվրոպական հանձնաժողովը կառաջարկի արտակարգ իրավիճակների համար նախատեսված մեխանիզմ՝ կանխելու միգրանտների հանկարծակի զանգվածային հոսքերը, հայտարարել է հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ստրասբուրգում Եվրոպական միության վիճակի մասին իր ամենամյա ելույթում ֆոն դեր Լայենը նշել է, որ այդ մեխանիզմը կոչված է պաշտպանություն ապահովելու հստակ սահմանված իրավիճակներում՝ ընդդեմ միգրանտների «կազմակերպված և որպես զենք օգտագործվող» զանգվածային տեղաշարժերի։

«Այս ամառվա իրադարձությունները (խմբ.՝ հավանաբար, նկատի ունի Մարոկկոյից իսպանական Սեուտա անկլավ տասնյակ հազարավոր միգրանտների անօրինական մուտքը) ցույց են տալիս, որ մեր գործիքակազմը պետք է կատարելագործվի, հատկապես՝ արտակարգ իրավիճակների համար։ Եվրոպան պետք է ունենա իր սահմանները մշտապես պաշտպանելու միջոցներ», – ասել է ֆոն դեր Լայենը։

«Մենք միշտ հավատարիմ կմնանք մեր արժեքներին և հիմնարար իրավունքներին, սակայն երբեք զիջումների չենք գնա մեր սահմանների պաշտպանության հարցում», – հավելել է նա։

Ֆոն դեր Լայենի խոսքով՝ նոր «Եվրոպական արտակարգ արձագանքման մեխանիզմը» կգործարկվի միայն խստորեն սահմանված չափանիշների դեպքում և բացառիկ հանգամանքներում թույլ կտա «ժամանակի մեջ սահմանափակ և խստորեն կանոնակարգված ճկունություն՝ ստանդարտ ընթացակարգերի մասով»։