Բայրամովն ու ԵՄ ներկայացուցիչը քննարկել են Բիշքեկում Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջան-ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային հարցերը, երկկողմ գործընկերության զարգացման հեռանկարները, տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված քայլերը։
Տեղեկատվություն է տրամադրվել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և վստահության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։
Շեշտվել է այս օգոստոսին Բիշքեկում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումների կարևորությունը տարածաշրջանային խաղաղության օրակարգի առաջխաղացման համար։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանում էներգետիկայի և հաղորդակցության ոլորտում ընթացող աշխատանքների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ երկկողմ և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ։

