Քաղաքական գործիչները չպետք է միջամտեն կրոնական գործերին․ ՌԴ ԱԳՆ
Էստոնիայի իշխանություններն անմիջական օրենսդրական ճնշում են գործադրում Էստոնիայի ուղղափառ եկեղեցու վրա՝ ձգտելով նրան ստիպել խզել կապերը Ռուս ուղղափառ եկեղեցու (ՌՈՒԵ) հետ․ ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի կրոնի ազատության իրավունքի հարցում միջազգային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Մելեխը։
Նմանատիպ քաղաքական ճնշում է գործադրվում նաև Մոլդովայում Մոսկվայի պատրիարքարանի կառույցների նկատմամբ, նշել է Մելեխը։
«Փաստորեն, քաղաքական գործիչները միջամտում են կանոնական իրավունքին։ Այսինքն՝ քաղաքական ճնշում է գործադրվում ներքին կրոնական ոլորտի վրա։ Մեր տեսանկյունից՝ սա կրոնի ազատության իրավունքի ակնհայտ խախտում է», – բացատրել է նա Ժնևում ռուս լրագրողներին։
Մելեխը հավելել է, որ որոշակի խնդիրներ գոյություն ունեն նաև Հայաստանում։ Նրա խոսքով՝ նման բոլոր կոնֆլիկտների վերաբերյալ Մոսկվան պահպանում է այն դիրքորոշումը, որ քաղաքական գործիչները չպետք է միջամտեն կրոնական գործերին։
«Խնդիրը, անշուշտ, չպետք է լուծվի կրոնական դավանանքների գործունեության օրենսդրական սահմանափակումներով», – պարզաբանել է նա։

