Ռոման Բաղդասարյանից հօգուտ Սամվել Կարապետյանի կբռնագանձվի 200․000 դրամ՝ որպես զրպարտության հատուցում
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը 2025 թվականի հուլիսի 22-ին դատական հայց էր ներկայացրել ընդդեմ բլոգեր Ռոման Բաղդասարյանի։
Կարապետյանը դատարանից պահանջել էր, որպեսզի Ռոման Բաղդասարյանին պարտավորեցնի դատարանի կողմից սահմանված ձևով հրապարակայնորեն ներողություն խնդրել Սամվել Սարգսի Կարապետյանից հայցադիմումում նշված վիրավորական արտահայտությունների համար։ Ինչպես նաև պատասխանողին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքում հրապարակել Facebook.com սոցիալական կայքի իրեն պատկանող էջերում։
«Հերքում՝ Սամվել Կարապետյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով հանրամատչելի և բոլորին տեսանելի գրառում կատարել, պահպանելով այն առնվազն 1 ամիս, դրանում նշելով հետևյալը. «Ես՝ Ռոման Բաղդասարյանս, 2025 թվականի հուլիս ամսին «facebook.com» սոցիալական կայքի էջերումս հրապարակային տեղեկություններ եմ հայտնել գործարար Սամվել Կարապետյանի վերաբերյալ՝ վերջինիս վերագրելով այնպիսի փաստեր, որոնք որևէ կերպ չէին համապատասխանում իրականությանը։
Զերծ կմնամ նախկին հրապարակումներում տեղ գտած զրպարտչական արտահայտությունները այս հերքմամբ կրկին վերահրապարակելուց, միայն կնշեմ, որ ես ընդունում եմ, որ դրանք անհիմն էին և չպետք է հրապարակվեին։
Հրապարակային հայտնում եմ, որ այդ տեղեկություններն ամբողջությամբ եղել են զրպարտչական, սուտ և անհիմն, որի համար ներողություն եմ խնդրում»:
Facebook.com սոցիալական կայքում հերքման տեքստը տեղադրելու անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել Ռոման Վալերիի Բաղդասարյանին վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանդես գալ հերքմամբ առնվազն 5000 (հինգ հազար) տպաքանակ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով հերքման նույն տեքստը, որը պահանջվում է տեղադրել «facebook.com» սոցիալական կայքի՝ Ռոման Վալերիի Բաղդասարյանին պատկանող էջերում:
Ռոման Վալերիի Բաղդասարյանից հօգուտ Սամվել Սարգսի Կարապետյանի բռնագանձել 9.000.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցում։ Ռոման Վալերիի Բաղդասարյանից հօգուտ Սամվել Սարգսի Կարապետյանի բռնագանձել դատական ծախսի գումարը՝ կազմված պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներից։
2026թ. հուլիսի 27-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերինե Խաչատրյանի, հրապարակել է վճիռը, որով Սամվել Կարապետյանի հայցը բավարարվել է մասնակի։
Ըստ վճռի՝ Ռոման Բաղդասարյանը պետք է վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքի Facebook-ի իր էջում, հետևյալ տեքստով․ «Ես՝ Ռոման Բաղդասարյանս, հրապարակային հայտարարում եմ, որ 2025 թվականի հուլիս ամսին «facebook.com» սոցիալական կայքի էջերումս հրապարակած այն արտահայտությունները, թե «Պարոն Կարապետյան, երբ ես ասում եմ, որ Դուք թալանում եք հայ ժողովրդին, դա հաստատում են իրավապահ մարմինները և քննչական կոմիտեն» (5.) «Երեկվա նյութը, որ Դուք 900 միլիոն դրամ եք գողացել, և Դուք դա գողացել եք ամբողջ ընտանիքով» (6) «Եվ ես մտածում եմ, որ Սամվել Կարապետյանի ընտանիքը պետք է ամաչի. մարդիկ, որոնք ունեն 3 միլիարդ դոլար, մի՞թե չեք ամաչում «Տաշիր Պիցցա»-ում պիցաների, կոկա-կոլայի և կեսար աղցանի դիմաց հափշտակել 900 միլիոն դրամ» (7) «Յուրաքանչյուր քաղաքացի հասկանում է, որ եթե Տաշիր Սամոն 900 միլիոն դրամ է գողանում «Տաշիր Պիցցա»-ում, ապա նա ցածրորակ մարդ է, նա և նրա ընտանիքը, այո, քանի որ միայն ցածրորակը, ունենալով 3 միլիարդ դոլար, կարող է հափշտակել 900 միլիոն դրամ՝ չվճարելով դրանք հարկերի տեսքով», (8.) «Եվ ես նորից վերահաստատում եմ բառերս՝ Տաշիր Սամոն ու նրա ընտանիքը գողեր և թալանիչներ են»՝ չեն համապատասխանում իրականությանը»։
«Ֆեյսբուք» սոցիալական կայքում հերքման տեքստը տեղադրելու անհնարինության դեպքում պարտավորեցնել Ռոման Վալերիի Բաղդասարյանին վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հանդես գալ հերքմամբ առնվազն 5000 տպաքանակ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով հերքման նույն տեքստը, որը պահանջվում է տեղադրել «Ֆեյսբուք» սոցիալական կայքի՝ Ռոման Վալերիի Բաղդասարյանին պատկանող էջերում:
Պատասխանող Ռոման Վալերիի Բաղդասարյանից հօգուտ Սամվել Սարգսի Կարապետյանի բռնագանձել 200․000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության և վիրավորանքի համար հատուցում։

