Այս գիշեր Ռուսաստանի միանգամից մի քանի տարածաշրջաններ ԱԹՍ–ների գրոհների են ենթարկվել. կան զոհեր
Այս գիշեր Ռուսաստանի միանգամից մի քանի տարածաշրջաններ ԱԹՍ–ների գրոհների են ենթարկվել։ Առավել ծանր հետևանքներ են գրանցվել Կրասնոդարում, որտեղ ԱԹՍ-ի բեկորներն ընկել են մասնավոր մանկական կենտրոնի վրա, 2 երեխա զոհվել է, ևս 7-ը` վնասվածքներ ստացել, երկու մեծահասակ հոսպիտալացվել է:
Անօդաչուների բեկորներ են ընկել Կրասնոդարի Պրիկուբանսկի օկրուգի մի քանի հասցեներում։ Միաժամանակ հարձակման է ենթարկվել «Օզոն» լոգիստիկ կենտրոնը։ Բեկորների ընկնելուց հետո օբյեկտի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Աշխատակիցներին հասցրել են տարհանել, նախնական տվյալներով` տուժածներ չկան։ Պահեստի աշխատանքը դադարեցվել է, տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները:
Հարձակման են ենթարկվել նաև ընկերության այլ լոգիստիկ օբյեկտներ։ Մախաչկալայում ժամը 05:00-ի սահմաններում անօդաչու թռչող սարքը հարձակվել է «Օզոնի» կենտրոնի վրա, ինչից հետո այնտեղ նույնպես հրդեհ է բռնկվել: Աշխատակիցներին տարհանել են, բայց մի քանի մարդ տուժել է։ Ընկերության տվյալներով՝ նրանց զննել են բժիշկները, կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ Օբյեկտի աշխատանքը դադարեցված է:
Բացի այդ, Դաղստանի Կումտորկալինսկի շրջանում ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով վնասվել է ենթակառուցվածքային օբյեկտ, հրդեհվել են պահեստային տարածքներ: Տուժածներ չկան:
Անօդաչուների վտանգի ֆոնին տարհանվել են նաև Ադիգեյսկում և Նևիննոմիսկում գտնվող «Օզոնի» պահեստների աշխատակիցները: Մարդիկ չեն տուժել, օբյեկտներն ու ներսում գտնվող ապրանքները չեն վնասվել։ Պահեստների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է արտակարգ ծառայությունների միջոցառումների ժամանակ:
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ անօդաչուները հարձակվել էին ընկերության` Օրենբուրգի մարզում գտնվող կենտրոնի վրա, որտեղից տարհանվել էր ավելի քան 300 մարդ, իսկ օգոստոսի 22-ին հարված էր հասցվել Սամարայի մարզում գտնվող օբյեկտին:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

