Սև ծովում հարձակման է ենթարկվել ադրբեջանցի նավաստիներով նավը
Օդեսայի մարզի ափերի մոտ հարձակման է ենթարկվել Albatros Corporation ընկերությանը պատկանող ATA-2 (IMO 9387669) առևտրային նավը։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով «Ադրբեջանցի նավաստիների աջակցություն» հասարակական միավորման ղեկավար Իլհամ Նասիրովին։
Նրա խոսքով՝ առավոտյան չոր բեռնանավը հարձակման է ենթարկվել երեք հարվածային անօդաչու թռչող սարքերի կողմից։ Հարվածների հետևանքով նավը լուրջ վնասներ է ստացել ինչպես կառուցվածքային հատվածներում, այնպես էլ մեխանիկական հանգույցներում, սակայն մնացել է ջրի վրա։ Ներկայում անձնակազմը շարժվում է դեպի Ռումինիայի տարածքային ջրեր։
Հարձակման ենթարկված չոր բեռնանավում 13 հոգանոց անձնակազմ կա՝ Ադրբեջանի 12 և Թուրքիայի մեկ քաղաքացի։ Նախնական տվյալներով՝ անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել, միջադեպի հետևանքով զոհեր չկան։

