Բագրատաշենի բնակիչը չգիտի, թե հուլիսի 14-ից հետո որտեղ են իր կինն ու 2 անչափահաս տղաները․ լրագրողի ահազանգը
Լրագրողիս է դիմել Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն գյուղի բնակիչ Սեդրակ Մինասյանը։ Նա Բագրատաշենում ավտոմեքենաների լվացման կետ ունի։ Սեդրակը հայտնեց, որ ինքը վերջերս մասնակցել է վարժական հավաքների։ Նրա կինը Տաշիր քաղաքից է։ Սեդրակի խոսքերով՝ հուլիսի 14-ին ինքը պատրաստվում էր իր կնոջ հետ նշել իրենց ամուսնության 13-ամյակը, այդ առթիվ գնումներ է արել։ Սեդրակը չգիտի, թե հուլիսի 14-ից որտեղ են գտնվում իր կինն ու 11 և 10 տարեկան տղաները։ Որոշ տեղեկություններով՝ նրա կինը և 2 անչափահաս տղաները գտնվում են Երևանի ընտանեկան բռնությունից տուժածների աջակցության կենտրոններից մեկում։ Սեդրակը ժխտում է , որ ինքը կնոջը ծեծի է ենթարկել։ Նա ասում է, որ ամեն ինչ սկսվեց նրանից, որ «ՏԻկՏոկ»-ում այլ տղամարդ իր կնոջը գրելով՝ նրան փաղաքշական անուններով է դիմել, հանդիպելու առաջարկներ արել։ Սեդրակը իր կնոջ էջից, այդ սոցիալական ցանցում հակադարձել է այդ տղամարդուն և նրա հետ կապված էլ մի քանի անձանց ,նրանց կողմից սպառնալիքներ ու իր կնոջ հասցեին զրպարտչական բնույթի հայտարարություններ է ստացել։ Սեդրակ Մինասյանը հայտնում է , որ դրանից հետո Բագրատաշենի իր տան մեջ իր ավտոմեքենան բազում տեղերից վնասված է տեսել, տունն էլ՝ տակնուվրա վիճակում։ Սեդրակ Մինասյանը դիմել է Նոյեմբերյանի համայնքային ոստիկանության բաժին, Նոյեմբերյանի քննչական բաժնում այդ առթիվ քննություն է կատարվում։

