Բացառված չէ, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը դուրս գա իր ներկայիս շրջանակներից, ընդլայնվի ու դրանում ընդգրկվեն նոր պետություններ. 3

Սկիզբը՝ այստեղ 

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սպառնացել է հարվածել Մեծ Բրիտանիային՝ ամերիկյան հարձակումների համար իր ավիաբազայի տրամադրման կապակցությամբ:

ԻՀՊԿ-ն բրիտանական ռազմաբազաներն օրինական թիրախ է անվանել իր հարվածների համար, քանի որ բրիտանական «RAF Fairford» ավիաբազայից հուլիսի 21-ին օդ բարձրացած ամերիկյան B-1 ռազմավարական ռմբակոծիչն է հարվածներ հասցրել իրանական օբյեկտներին:

ԻՀՊԿ-ում ընդգծել են, որ այժմ բրիտանական կղզիների ցանկացած բազա հաշվեհարդարի համար օրինական թիրախ են համարում, եթե այն ներգրավված է Իրանի դեմ ագրեսիայի մեջ: Իրանի ներկայացուցիչները Լոնդոնին նախազգուշացրել են լուրջ հետևանքների մասին, եթե շարունակեն աջակցել ԱՄՆ-ի պատերազմի նախարարության (նախկինում՝ Պենտագոն) գործողություններին: Նրանց խոսքով ՝ օդանավակայանի տրամադրումը Մեծ Բրիտանիային ինքնաբերաբար հակամարտության կողմ է դարձնում։ Ինչպես հաղորդել է LBC-ն, Իրանը Մեծ Բրիտանիային մեղադրել է «ագրեսիայի և ռազմական հանցագործություններին հանցակցության մեջ»՝ թույլ տալով ԱՄՆ-ին «անօրինական հարձակումներ» իրականացնել Բրիտանական ավիաբազաների օգտագործմամբ:

Նշենք նաև, որ Մեծ Բրիտանիան օրերս իր դիվանագիտական աշխատակիցներին դուրս է հանել Իրանից անվտանգության նկատառումներով: Ի պատասխան ԻՀՊԿ-ի սպառնալիքի, Մեծ Բրիտանիայի կառավարությունը, «Коммерсантъ»-ի փոխանցմամբ, հայտարարել է, որ Բրիտանիան ռազմածովային ուժերը գործի կդնի «RAF Fairford» ավիաբազային իրանական հարվածի դեպքում, և որ երկիրը «պատրաստ է շուրջօրյա պաշտպանել իրեն» և ապահովել Միացյալ Թագավորության անվտանգությունը ցանկացած հարձակումներից՝ «լինի դա մեր տարածքում, թե արտերկրից»:

Վերոնշյալ հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունում հստակեցրել են, որ երկրի պաշտպանությունը ներառում է «հակաօդային և հակահրթիռային պաշտպանության նկատմամբ բազմամակարդակ մոտեցման կիրառում»: Դրա համար գործի են դրվել Թագավորական ռազմածովային նավատորմի, բրիտանական բանակի և Թագավորական ռազմաօդային ուժերի միջոցները՝ «ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ սերտ համագործակցությամբ»:

Թերևս բոլորն են հասկանում, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պարզապես գլուխ է գովացել՝ երկրի բնակչությանը խաբելու և հանգստացնելու համար, քանի որ ունակ չէ ապահովել Միացյալ Թագավորության անվտանգությունը ցանկացած հարձակումներից: Նույնիսկ ԱՄՆ-ը չի կարողանում իր ռազմաբազաները լիարժեք պաշտպանել իրանական հեռահար հրթիռներից և ԱԹՍ-ներից, և պաշտպանել ընդհանրապես, եթե Իրանի արձակած հրթիռը հիպերձայնային է:

Իր ավիաբազան ամերիկյան КС-135 ռազմական ինքնաթիռների տեղակայման համար ԱՄՆ-ին է տրամադրել նաև Բուլղարիան, և այն, որ Իրանը Բուլղարիային հարվածելու սպառնալիքով դեռ հանդես չի եկել, կարծում ենք, պայմանավորված է նաև նրանով, որ խոսքը ոչ թե Իրանին ամերիկյան հարվածներին մասնակցած կամ մասնակցող կործանիչների, ռմբակոծիչների, այլ դրանք վառելիքով լցավորող ինքնաթիռների մասին է:

Այնուհանդերձ, ինչպես, «Новости Mail»-ի փոխանցմամբ, գրել է բուլղարական «Eurocom» պարբերականը, Բուլղարիայում դատապարտել են ԱՄՆ ՌՕՈւ-ի ութ КС-135 ինքնաթիռները և 250 զինծառայողներ տեղական «Բեզմեր» ավիաբազայում տեղակայելու որոշումը և համարել, որ երկիրը դրանով մեղսակից է դառնում Իրանի դեմ ԱՄՆ-ի ագրեսիային։ Մասնավորապես՝ բուլղարական «Վերածնունդ» կուսակցության պատգամավոր Իվելին Փարվանովը հայտարարել է, որ Բուլղարիան դառնում է միջազգային հանցագործության մասնակից՝ լոգիստիկ աջակցություն ցուցաբերելով Իրանի դեմ գործողությանը:

«Այդ ինքնաթիռները չեն ծառայում մեր բանակին, դրանք չեն ծառայում մեր ազգային շահերին»,- ասել է Փարվանովը:

Նա ընդգծել է, որ իր կուսակցությունը սկզբունքային դիրքորոշում ունի և դեմ է քվեարկել ինչպես պաշտպանության կոմիտեում, այնպես էլ լիագումար նիստում:

Պատգամավորի խոսքով՝ ոչ մի տարբերություն չկա այն ինքնաթիռների միջև, որոնք գարնանը տեղակայվել են Սոֆիայում և այն ինքնաթիռների միջև, որոնք տեղակայվելու են «Բեզմեր» ավիաբազայում: Նրանք կատարում են նույն առաքելությունը: Փարվանովի հավաստմամբ, սա ագրեսիա է, որը երկու երկրները (ԱՄՆ-ը և Իսրայելը) սանձազերծել են ինքնիշխան պետության դեմ՝ խախտելով միջազգային իրավունքը՝ առանց ՄԱԿ-ի որևէ պատժամիջոցի։ Պատգամավորը նախազգուշացրել է, որ Սոֆիայի որոշումը Բուլղարիային վտանգի տակ է դնում, քանի որ հարձակման ենթարկված երկիրն իրավունք ունի որոշելու, թե ինչպես պաշտպանվել:

«Եթե ինչ-որ տեղ Իրանի գլխավոր շտաբում որոշեն, որ ավելի լավ է թույլ չտալ ինքնաթիռների թռիչքը Բուլղարիայից, մենք չենք կարող ազդել նրանց վրա»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ Իրանն ունի բալիստիկ հրթիռներ՝ մինչև 3000 կմ հեռահարությամբ:

Փարվանովը նշել է նաև, որ Բուլղարիան լավ դիվանագիտական հարաբերություններ ունի Իրանի հետ, իսկ իրանցի դիվանագետները բուլղարացի ժողովրդին ընկալում են որպես եղբայրական:

«Մեր խիղճը՝ որպես ազգ, տանջվելու է ինչպես այս, այնպես էլ ամերիկացիների հետագա գործողությունների համար»,- նախազգուշացրել է Փարվանովը:

Բուլղարիան դժվար թե ընդգրկվի հակամարտության մեջ, եթե, իհարկե, իր ավիաբազան ԱՄՆ-ի հարվածային ինքնաթիռների համար չտրամադրի, բայց մեծ է Մերձավոր Արևելքում ծավալվող հակամարտության մեջ Իսրայելի և Եմենի հութիների ընդգրկման հավանականությունը:

Որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը կարող է դուրս գալ իր ներկայիս շրջանակներից, ընդլայնվել՝ դրանում նոր պետությունների ընդգրկմամբ (այս մասին մեր կանխատեսումը հրապարակվել է հուլիսի 22-ից), հնարավոր է համարել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: Նա երեկ հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, իսկ տարածաշրջանը գնալով ավելի է ներքաշվում ընդլայնվող հակամարտության մեջ:

«Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից ու հավասարակշռվում է աներևակայելիի եզրին,- «Новости Mail»-ի փոխանցմամբ, հայտարարել է Գուտերեշը մերձավորարևելյան հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց բանավեճի ընթացքում:- Տարածաշրջանը ներքաշվում է առճակատման աճող շրջանակի մեջ։ Մի ճգնաժամը սնուցում է մյուսը: Մի էսկալացիան հրահրում է մյուսին»:

Համաշխարհային կազմակերպության ղեկավարը նշել է նաև, որ «եկել է հետքայլ անելու ժամանակը»՝ ընդգծելով, որ «այդ հակամարտությանը ռազմական լուծում չկա»:

Մերձավոր Արեւելքում բացասական սցենարի հետևանքների վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել նաև Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ զգուշացնելով, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացումը կարող է հարվածի տակ դնել ամբողջ աշխարհի էներգետիկ և պարենային անվտանգությունը:

Նրա խոսքով  հակամարտող կողմերի միջև հարվածների փոխանակումն արդեն լուրջ վնաս է հասցնում Իրանի և մի շարք հարևան պետությունների քաղաքացիական ենթակառուցվածքներին Պարսից ծոցի գոտում, ինչպես նաև ռիսկեր է ստեղծում Հորմուզի նեղուցում և Կարմիր ծովում նավագնացության համար:

«Բացասական սցենարով իրավիճակի զարգացումը հղի է միջազգային էներգետիկ և պարենային անվտանգության համար կրիտիկական հետևանքներով»,- նշված է արտաքին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված դիվանագետի հայտարարության մեջ:

Մոսկվան Իրանի շուրջ հակամարտության մասնակիցներին կոչ է արել զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են ընդլայնել հակամարտության աշխարհագրությունը: Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Մերձավոր Արևելքում իրավիճակի քաղաքական-դիվանագիտական կարգավորման օգտին և պատրաստ է կողմերին աջակցել Ռուսաստանն իր հերթին պատրաստ է աջակցել կողմերին հակամարտության քաղաքական-դիվանագիտական լուծման որոնման հարցում:

ՄԱԿ-ի փորձագետները, «Московский комсомолец»-ի տեղեկացմամբ , քննադատել են ԱՄՆ-ի հարվածներն Իրանին, նրանց հրապարակած հայտարարությունից հետևում է, որ կազմակերպությունը ԱՄՆ-ի հարվածներն Իրանին համարում է պետությունների միջև փոխըմբռնման մասին հուշագրին հակասող:

 

Արթուր Հովհաննիսյան