Հետկաթվածային ճանաչողական խանգարումների զարգացմանը նպաստող գործոնները
Նյարդային հիվանդությունների գլոբալ բեռն աշխարհում բաշխված է խիստ անհավասարաչափ։ Դրանց շուրջ 70%-ը, ինչպես նաև մահերի ավելի քան 80%-ը և կորսված առողջ կյանքի տարիների շուրջ 85%-ը, բաժին են ընկնում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին։ Այս անհավասարությունը պայմանավորված է մասնագիտացված նյարդաբանական օգնության սահմանափակ հասանելիությամբ և մասնագետների զգալի պակասով։ Եթե բարձր եկամուտ ունեցող երկրներում 100.000 բնակչին միջինում բաժին է ընկնում 7.1 նյարդաբան, ապա ցածր եկամուտ ունեցող երկրներում՝ ընդամենը 0.1։ Արդյունքում հիվանդությունները հաճախ ախտորոշվում են ուշ, իսկ վաղ ախտորոշման և ժամանակին բուժման հնարավորությունները զգալիորեն սահմանափակվում են։
«Հերացի» վերլուծականի հրապարակած տվյալների համաձայն, 2021 թվականին նյարդային հիվանդություններով պայմանավորված կորսված կյանքի տարիների առաջատար պատճառների շարքում են եղել կաթվածը, նորածնային էնցեֆալոպաթիան, միգրենը, Ալցհայմերի հիվանդությունը և դեմենցիայի այլ ձևեր, դիաբետիկ նեյրոպաթիան, մենինգիտը, էպիլեպսիան, վաղաժամ ծննդաբերության նյարդաբանական բարդությունները, աուտիզմի սպեկտրի խանգարումները և նյարդային համակարգի նորագոյացությունները։
Նույն թվականին կաթվածը հանգեցրել է շուրջ 7,25 միլիոն մահվան դեպքի և պայմանավորել մոտ 160 միլիոն DALY՝ կազմելով նյարդային հիվանդություններով պայմանավորված ընդհանուր DALY-ների 42,2%-ը և մահերի 67,4%-ը։ Չնայած 1990 թվականից ի վեր կաթվածի ըստ տարիքի ստանդարտացված DALY ցուցանիշը նվազել է ավելի քան մեկ երրորդով, այն շարունակում է մնալ նյարդային հիվանդությունների գլխավոր պատճառը՝ թե՛ մահացության, թե՛ հաշմանդամության կառուցվածքում։
Կաթվածը ոչ միայն մահացության և հաշմանդամության առաջատար պատճառներից է, այլև ճանաչողական խանգարումների (ՃԽ) զարգացման կարևոր գործոն։ Կաթվածից հետո զարգացող ՃԽ-ը հիվանդության ամենահաճախ հանդիպող և կլինիկական առումով առավել նշանակալի երկարաժամկետ հետևանքներից են։ Հիվանդների 35–47%-ի մոտ արդեն առաջին տարվա ընթացքում զարգանում են միջին ծանրության ՃԽ, իսկ 7–23%-ի մոտ՝ դեմենցիա։ Ժամանակի ընթացքում այս ցուցանիշներն էլ ավելի են աճում. չորս տարվա ընթացքում հետկաթվածային ՃԽ-ը կարող են զարգանալ վերապրածների մինչև 80%-ի, իսկ հետկաթվածային դեմենցիան՝ մինչև 40%-ի մոտ։
Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրության է արժանի Ալցհայմերի հիվանդությունը, որը կազմում է դեմենցիայի բոլոր դեպքերի շուրջ 70%-ը և 80 տարեկանից բարձր անձանց շրջանում հանդիպում է մինչև յուրաքանչյուր հինգերորդի մոտ։ Բնակչության ծերացման պայմաններում դեմենցիայի տարածվածության շարունակական աճը այն դարձնում է ժամանակակից առողջապահության կարևորագույն մարտահրավերներից մեկը։
Կաթվածից հետո ՃԽ-ի զարգացման օրինաչափությունները նկարագրվել են նաև խոշոր մետաանալիզներում։ 113 հետազոտությունների տվյալների համակցված վերլուծությունը ցույց է տվել, որ կաթվածի սուր շրջանում արձանագրված ՃԽ-ը հանդիսանում են հետագայում պերսիստենտ ճանաչողական դեֆիցիտի և հետկաթվածային դեմենցիայի զարգացման ամենաուժեղ կանխատեսիչ գործոններից մեկը։
Հետկաթվածային ՃԽ-ի զարգացմանը նպաստող գործոնները կարելի է բաժանել կառավարելի և ոչ կառավարելի խմբերի։
Կառավարելի գործոններից առավել կարևոր են զարկերակային գերճնշումը, շաքարային դիաբետը, նախասրտերի ֆիբրիլյացիան և գլխուղեղի սպիտակ նյութի անոթային փոփոխությունները։ Վերջիններս ճանաչողական խանգարումների հավանականությունը մեծացնում են շուրջ 1.5 անգամ, իսկ շաքարային դիաբետն ու նախասրտերի ֆիբրիլյացիան՝ մոտ 1.3 անգամ։
Ոչ կառավարելի գործոնների շարքում առաջնային նշանակություն ունեն տարիքը և կաթվածի ծանրության աստիճանը։ Յյուրաքանչյուր լրացուցիչ տարի կապված է ՃԽ-ի ռիսկի շուրջ 3%-ով և դեմենցիայի ռիսկի շուրջ 8%-ով աճի հետ, մինչդեռ կաթվածի ծանրության յուրաքանչյուր միավոր՝ ըստ NIHSS սանդղակի՝ ռիսկի 7–13% աճի հետ։
Միևնույն ժամանակ գրականության տվյալները ցույց են տալիս, որ ուղեղն ունի նշանակալի կոմպենսատոր կարողություն։ Նույն մետաանալիզի արդյունքները վկայում են, որ բարձր կրթական մակարդակը և ակտիվ մտավոր գործունեությունը նվազեցնում են հետկաթվածային ճանաչողական խանգարումների և դեմենցիայի զարգացման ռիսկը։ Այս երևույթը բացատրվում է ճանաչողական պահոցի տեսությամբ, որի համաձայն կրթությունը, բարդ մասնագիտական գործունեությունը, բազմալեզվությունը, ակտիվ սոցիալական կյանքը և շարունակական մտավոր ծանրաբեռնվածությունը նպաստում են նեյրոնային կապերի ձևավորմանն ու ամրապնդմանը՝ հնարավորություն տալով ուղեղին ավելի արդյունավետ փոխհատուցել օրգանական վնասումները։
Այս տվյալները հիմք են տալիս ժամանակակից նյարդաբանության կարևոր եզրակացություններից մեկին, այն է՝ նյարդային հիվանդությունների զգալի մասը կարող է կանխարգելվել։ Կանխարգելման ռազմավարությունները այսօր հիմնվում են ոչ միայն առանձին ռիսկի գործոնների վերահսկման, այլև առողջ ապրելակերպի համապարփակ մոտեցման վրա։ Դրանցից առավել հայտնի է «Life’s Essential 8» հայեցակարգը, որը ներառում է զարկերակային ճնշման, գլյուկոզայի և լիպիդային փոխանակության վերահսկում, կանոնավոր ֆիզիկական ակտիվություն, առողջ սննդակարգ, բավարար քուն, մարմնի նորմալ քաշի պահպանում և ծխախոտի օգտագործման դադարեցում։
GBD հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ կաթվածի գլոբալ բեռի զգալի մասը պայմանավորված է հենց կառավարելի ռիսկի գործոններով։ Ամենամեծ ներդրումն ունի սիստոլիկ զարկերակային ճնշման բարձր մակարդակը, որը պայմանավորում է կաթվածի ընդհանուր բեռի 57.3%-ը։ Դրան հաջորդում են մթնոլորտային օդի մանր մասնիկներով աղտոտվածությունը (16.7%) և բնակելի տարածքների օդի աղտոտվածությունը (11.3%)։ Այս տվյալները ցույց են տալիս, որ նյարդային հիվանդությունների արդյունավետ կանխարգելումը պայմանավորված է ոչ միայն անհատի կենսակերպով և վարքագծով, այլև հանրային առողջապահության ոլորտում իրականացվող քաղաքականությամբ և շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումներով։

