Բացառված չէ, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը դուրս գա իր ներկայիս շրջանակներից, ընդլայնվի ու դրանում ընդգրկվեն նոր պետություններ

Արդեն շուրջ երկու շաբաթ է, ինչ շարունակվում է մեր հարևան ու բարեկամ Իրանի դեմ Սատանայի պետության՝ ԱՄՆ-ի սկսած պատերազմի նոր փուլը: Դատելով այն իրավիճակից, որն առկա է այսօր, իրականում դժվար է կանխատեսել, թե ինչով կավարտվի այն՝ Իրանի՞ հաղթանակով, ԱՄՆ-ի՞ հաղթանակով, թե հաղթողներ չեն լինի… Այս առումով քաղաքական ու ռազմական գործիչների, քաղաքագետների, փորձագետների, վերլուծաբանների իրարամերժ կարծիքների պակասություն չկա:

Ե՞րբ կավարտվի պատերազմը՝ դարձյալ դժվար է կանխատեսել ու նշել որոշակի ժամկետ, թեև պարզ է, որ կավարտվի, երբ կողմերից որևէ մեկը սպառի իր սպառազինության ռազմավարական պաշարները: Կա նաև այսպիսի կանխատեսում՝ պատերազմը դուրս կգա իր ներկայիս շրջանակներից, կընդլայնվի ու, բացառված չէ, որ դրանում ընդգրկվեն նոր պետություններ:

Անցած գիշեր, Մոսկվայի ժամանակով ժամը 02:00-ին ԱՄՆ-ի զինված ուժերը սկսել են Իրանի տարածքում ռազմական օբյեկտների ուղղությամբ հարվածների հերթական փուլը: Ինչպես հաղորդել է ԱՄՆ-ի Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (СЕНТКОМ), Կենտրոնական հրամանատարության թիրախներն են եղել իրանական օպերատիվ կենտրոնները, ռազմածովային ուժերի միջոցները, ավիացիայի անգարները, դրոնների պահպանման վայրերը և ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքները։ Ամերիկյան ռազմական հրամանատարությունում հայտարարել են, որ գործողության նպատակը Հորմուզի նեղուցի շրջանում առևտրային նավագնացության անվտանգությանը սպառնալու Իրանի հնարավորությունների նվազեցումն է:

Հայտարարվածը, սակայն, կիսաճշմարտությունն է, որովհետև ԱՄՆ-ը հարվածում է Իրանի այն բոլոր ռազմական օբյեկտներին, որոնց կարողանում է հարվածել, նույնիսկ նրանց, որոնք որևէ մասնակցություն չունեն Հորմուզի նեղուցի շրջանում Իրանի պահանջները և նախազգուշացումներն անտեսած առևտրային նավերին հասցվող հարվածներին՝ այսպիսով նպատակ հետապնդելով հնարավորինս նվազեցնել, եթե հնարավոր է նույնիսկ զրոյացնել Իրանի հարձակողական ու պաշտպանական կարողունակությունը: ԱՄՆ-ն Իրանի նույնիսկ քաղաքացիական օբյեկտներին է հարվածում, ինչպես, օրինակ, ջրի աղազերծման գործարաններին:

Հորմուզի նեղուցի հակադիր մասում՝ Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզ քաղաքի մոտակայքում գտնվող ռազմական օբյեկտը, ինչպես հաղորդել է իրանական IRNA գործակալությունը, անցած գիշեր տեղի ժամանակով ժամը 02:40-ին (Մոսկվայի ժամանակով 02:10-ին) ԱՄՆ-ի կողմից օդային հարվածների է ենթարկվել: Պայթյուններ են որոտացել Իսլամական Հանրապետության մի քանի քաղաքներում։  այդ թվում նաև՝ Բուշերում։ Վնասվել է երկու օբյեկտ։ Տեղի հատուկ ծառայությունները շարունակում են գնահատել հարձակման վնասը։

Ինչպես, «Аргументы и факты»-ի փոխանցմամբ , գրել է «Politico» թերթը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տրամադրված չէ հրաժարվել Իրանի հետ հակամարտությունից, չնայած այն բանին, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի ընտրություններից առաջ դա կարող է բարդացնել Հանրապետական կուսակցության իրավիճակը, այսինքն՝ կան ռիսկեր:

Հունիսին Թրամփը խոստովանել է, որ վստահություն չունի, որ հետագա ռազմական գործողություններին ամերիկացիների աջակցությանը: Հոդվածում նշված է նաև, որ ըստ Թրամփի որոշ համախոհների, Իրանը թերագնահատում է Սպիտակ տան ղեկավարի՝ քաղաքական ռիսկի դիմելու պատրաստակամությունը: Հրապարակման մեջ մեջբերված է Սիրիայի հարցով ԱՄՆ-ի նախկին հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի կարծիքը։ Նախկին դիվանագետը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահը ընտրություն չունի և չի փոխի որոշումը, նույնիսկ եթե ընտրություններում հանրապետականների դիրքերը թուլանան:

Թերթը նաև հղում է կատարել Սպիտակ տանը մոտ աղբյուրին, որը հիշատակել է պաշտպանական կարիքների համար Կոնգրեսին ուղղված խնդրանքը: Զրուցակիցը պարզաբանել է, որ Թրամփը ձգտում է ԱՄՆ-ին բավարար պաշարներով ապահովել ապագայում ցանկացած ռազմական գործողություն իրականացնելու համար:

ԱՄՆ-ի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր չէ առաջիկայում դադարեցնել Թեհրանի հետ հակամարտությունը և դուրս բերել իր ուժերը տարածաշրջանից: Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ն արդեն խոշոր հաջողությունների է հասել Իրանի հետ դիմակայությունում: Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ, իր գնահատականների համաձայն, հակամարտության ավարտը դեռ հեռու է՝ այսպիսով հակասելով Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի շուտափույթ հաղթանակի մասին ավելի վաղ իր արած հայտարարություններին:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիո Իրանին մեղադրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հարցում լուրջ տրամադրվածության բացակայության և անլուրջ մոտեցման մեջ, բայց հենց այստեղ հարց է առաջանում՝ այն բանակցությունների՞, որոնք հենց ԱՄՆ-ը պայմանավորվածություններից շատ կարճ ժամանակ անց խախտեց: ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղն է դրել Ռուբիոյին: Մեկնաբանելով Ռուբիոյի մեղադրանքները, Զախարովան հայտարարել է, որ ամբողջ աշխարհն արդեն հասկացել է, թե ինչ են «արևմտյան բանակցությունները»:

«Պարզապես ամբողջ աշխարհն արդեն հասկացել է, թե ինչ են «արևմտյան բանակցությունները”. սկզբում մեղադրել գործընկերներին բանակցություններ վարել ու պայմանավորվածությունները կատարել իբր չցանկանալու մեջ, իսկ հետո խոստովանել, որ այդ ամենը պետք էր պատերազմին նախապատրաստվելու համար»,- «РИА Новости»-ի փոխանցմամբ , գրել է Զախարովան Telegram-ի իր ալիքում ու հիշեցրել Մինսկի համաձայնագրերի վերաբերյալ Արևմուտքի հայտարարությունները:

Ի պատասխան ԱՄՆ-ի ագրեսիայի կրկնվող գործողություններին, Իրանի զինված ուժերը հայտարարել են Քուվեյթի արևմտյան մասում գտնվող «Քեմփ Դոհա» ռազմաբազայում ԱՄՆ-ի օբյեկտներին պատասխան հարվածներ հասցնելու մասին: Խոսքը մասնավորապես ԱՄՆ-ի զինամթերքի պահեստներին հարվածելու մասին է: Այս մասին, «RT на русском»-ի փոխանցմամբ, հայտնել է «Press TV» հեռուստաալիքը, որի տվյալներով՝ հարվածների ընթացքում խոցվել են ռազմամթերքի պահեստները և ռազմակայանի նյութատեխնիկական սարքավորումները:

Իրանի հակահարվածի մասին այսօր լրացուցիչ տեղեկություններ է հայտնել «Fars» լրատվական գործակալությունը: «Комсомольская правда»-ի փոխանցմամբ, գործակալության տվյալների համաձայն, օբյեկտը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերով։ Բացի այդ, հարձակում է տեղի ունեցել ԱՄՆ-ի ցամաքային զորքերի հրամանատարական կենտրոնի նյութատեխնիկական ապահովման օբյեկտների ուղղությամբ։

Քուվեյթը, սակայն, միակ պետությունը չէ, որտեղ Իրանը պատասխան հարված է հասցրել ԱՄՆ-ի ռազմական թիրախներին: ինչպես փոխանցել է «Коммерсантъ», «Fars»-ը՝ վկայակոչելով Իրանի Զինված ուժերի մամուլի ծառայությունը, հայտնել է, որ Իրանի զինված ուժերն անօդաչու թռչող սարքերով հարվածել են Կատարի մայրաքաղաք Դոհայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի հրամանատարական կետի օբյեկտներին:

Գերատեսչությունում պնդել են, որ հարձակման ժամանակ խոցվել են զինամթերքի պահեստներ և նյութատեխնիկական ապահովման այլ օբյեկտներ։ Կատարի Ալ-Ուդեյդ ավիաբազան ԱՄՆ-ի ԶՈւ-ի խոշորագույն ռազմաբազան է Մերձավոր Արևելքում։ Այն տեղավորում է ավելի քան 10 000 զինծառայող։ Դրա վրա հիմնված է CENTCOM-ի առաջնային շտաբը։

Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների շահերը թիրախ կդառնան իրանական միջուկային օբյեկտներին հարվածելու դեպքում: Իրանցի զինվորականները ԱՄՆ-ի հնարավոր հարձակումը կդիտարկեն որպես հակամարտության ընդլայնում։ Այդ դեպքում Թեհրանը մտադիր է նորանոր պատասխան հարվածներ հասցնել տարածաշրջանում ամերիկյան և դաշնակից օբյեկտներին։

 

Շաչունակելի

Արթուր հովհաննիսյան