Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու խոշոր պահեստներ են այրվում
Կրասնոդարում անօդաչու թռչող սարքերիի հարձակումից հետո հրդեհվել է Ռուսաստանի խոշորագույն Wildberries լոգիստիկ կենտրոններից մեկը: Իսկ Նևինոմիսկում այրվում է Wildberries-ի պահեստը։
Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասի Նևինոմիսկում անօդաչու սարքերի հարձակման հետևանքով այրվում են Wildberries լոգիստիկ մեծ կենտրոններ: Այս մասին չորեքշաբթի՝ հուլիսի 22-ին հայտնում են ռուսական տելեգրամ ալիքները։
Նշվում է, որ Կրասնոդարի արվարձանում լայնածավալ հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ների հարվածների հետևանքով: Տեղի բնակիչները լսել են նաև 20-30 պայթյուն։ Հարվածի տակ է հայտնվել Ռուսաստանի խոշորագույն Wildberries լոգիստիկ հանգույցներից մեկը։ Այնտեղ լայնածավալ հրդեհ է բռնկվել։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Նևինոմիսկում այրվում է նաև Wildberries մեծ պահեստ: Տեղի իշխանությունները հայտնել են պահեստային համալիրի վրա հարձակումից հետո երկու տուժածների մասին: Wildberries-ը հայտարարել է Նևինոմիսկում օբյեկտի տարհանման մասին։
Պայթյուններ են հնչել նաև ռուսական Արմավիրում։ Դրոնները հարձակվել են նավթաբազայի վրա, այնտեղ հրդեհ է բռնկվել։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերին հարվածները։ Telegram-ում գրառման մեջ նա նշել է, որ երկրի ԶՈՒ-ն «հաջողությամբ հարվածել է լոգիստիկ կենտրոններին, որոնք ներգրավված են ռուսական բանակին անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ, նավիգացիոն սարքեր և սարքավորումներ մատակարարելու մեջ»։
Զելենսկին նաև հայտնել է, որ ուկրաինական ուժերը խոցել են «հերթական նավթաբազան», ինչպես նաև ռուսական ստվերային նավատորմի մեկ լցանավ և չորս չորաբեռնատար նավ։
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Ուկրաինան հարձակվել էր Տամբովի մարզի Կոտովսկում և Մոսկվայի մարզի Էլեկտրոստալում գտնվող Wildberries-ի երկու պահեստների վրա: Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհվել է ութ մարդ, վիրավորվել է մոտ 50-ը: Ուկրաինայի նախագահը ռուսական շուկայի օբյեկտների վրա հարվածները անվանել է Ռուսաստանի կողմից երկրի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների պատասխան:

