ԱԹՍ-ներով հարձակումների են ենթարկվել Ուկրաինայում ադրբեջանական բենզալցակայանը, Օդեսայի մոտ թուրքական նավն ադրբեջանական անձնակազմով (տեսանյութ)
Կան վիրավորներ, նավի նավապետը կորել է
Ռուսաստանը, ինչպես արդեն հայտնի է, ի պատասխան իր բենզալցակայաններին, նավթավերամշակման գործարաններին, բնակելի շենքերին և քաղաքացիական նշանակության այլ օբյեկտներին Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից հասցվող հարվածներին, վերջին շրջանում սկսել է հարվածներ հասցնել Ուկրաինայի տարածքում գտնվող բենզալցակայաններին: Նշված հարվածներից բաժին է հասել նաև ադրբեջանական SOCAR ընկերության բենզալցակայանին:
Ռուսաստանցի զինվորականներն իրավացիորեն համարել են, որ կարևորը ոչ թե դրա պատկանելությունն է այս կամ այն պետության ընկերությանը, այլ այն, որ դրանից օգտվում են նաև Ուկրաինայի ԶՈւ բեռնատար ու մարդատար մեքենաները, զինծառայողները, տարածքային համալրման կենտրոնների և հատուկ ծառայությունների աշխատակիցները:
Անտեսելով վերոնշյալ հանգամանքը, Ադրբեջանի արտգործնախարարությունը հունիսի 6-ին ԱԳՆ էր կանչել Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին: «Новости Mail»-ի տեղեկացմամբ , Դիվանագետին բողոք են հայտնել հուլիսի 5-ին Ուկրաինայի Նիկոլաևի մարզում տեղակայված ադրբեջանական SOCAR ընկերության բենզալցակայանի վրա ԱԹՍ-ի հարձակման կապակցությամբ: Ռուսական կողմից այս մեղադրանքնի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ չի տրվել։
«Ռուսական կողմին կոչ է արվել համակողմանի հետաքննություն անցկացնել նշված բոլոր փաստերի վերաբերյալ, համապատասխան պարզաբանումներ տալ տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ, ինչպես նաև կատարել քաղաքացիական օբյեկտների և դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտպանության միջազգային պարտավորությունները»,- նշված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
Ինչպես հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, հուլիսի լույս 6-ի գիշերը ռուսական զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել ռազմարդյունաբերության ձեռնարկություններին, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի հետ կապված վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին Կիևում և Կիևի մարզում: ՊՆ-ում պարզաբանել են, որ հարվածները Հատուկ ռազմական գործողության անցկացման գոտուց դուրս գտնվող ՌԴ տարածքների վրա հարձակվելու փորձի (իրականում հարձակման) պատասխանն են:
Երեկ ուշ երեկոյան «Коммерсантъ»-ի հրապարակումից հայտնի դարձավ, որ երեկ Օդեսայի մոտ ԱԹՍ-ի միջոցով հարձակում է կատարվել Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող թուրքական առևտրային նավի վրա:
Օդեսայի ափերի մոտ թուրքական «Okean Maritime» ընկերությանը պատկանող «Atlas Bey» քաղաքացիական առևտրային նավը կեսօրին ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման: Ինչպես հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, Նավի անձնակազմի 11 անդամներն Ադրբեջանի քաղաքացիներ են: Ըստ հիշյալ ծառայության հաղորդագրության, անձնակազմի բոլոր անդամներին, բացի նավի նավապետից, ափ են հասցրել Օդեսայում, նրանց վիճակը գնահատվում է բավարար։
Ադրբեջանի ԱԳՆ տվյալ հաղորդագրությունից կարելի է հասկանալ, որ նավի անձնակազմի անդամները վիրավորվել են, սակայն նրանց վիճակը բավարար է:
«Ներկայումս ընթանում են նավի նավապետի որոնումները»,- հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը X սոցցանցում:
Ինչպես հավելել են Ադրբեջանի ԱԳՆ-ում, Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը կապի մեջ է պրոֆիլային գերատեսչությունների հետ և զբաղվում է իր քաղաքացիների հյուպատոսական աջակցությամբ: Թե ո՞ւմ անօդաչու թռչող սարքն է հարվածել թուրքական նավին, չի նշվում։ Դե, եթե կարող են, թող գնան պարզեն…
Արթուր Հովհաննիսյան
Տեսանյութն՝ այստեղ

