Հայաստանը մասնակցում է ՄԱԿ-ի բազմակողմ համակարգի բարեփոխումների գործընթացին
Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Բազմակողմ համակարգը՝ ապագայի պահանջներին համահունչ» խորագրով նախարարական քննարկմանը, որն անցկացվել է «Ապագայի դաշնագրի» իրականացման ընթացքի ամփոփմանը նվիրված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում։
Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Կայուն զարգացման նպատակների իրագործումը պահանջում է զարգացման արդի մարտահրավերներին համահունչ արդյունավետ, ճկուն և գործուն բազմակողմ համակարգ։ Այս համատեքստում նշվել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է «ՄԱԿ80» բարեփոխումների գործընթացում՝ ուղղված ՄԱԿ համակարգի արդյունավետության և ամբողջականության ամրապնդմանը, ինչպես նաև գործունեության արդյունավետության բարձրացմանը:
ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ բազմակողմ համակարգի՝ ապագայի պահանջներին համապատասխանեցումը պետք է առաջին հերթին արտահայտվի գործնական արդյունքներով՝ ապահովելով զարգացող երկրների համար մատչելի ֆինանսավորում, արտադրողական կարողությունների զարգացում, դիմակայուն ենթակառուցվածքներ և ազգային առաջնահերթություններին համապատասխան աջակցություն։ Ընդգծվել է ազգային կարողությունների ամրապնդման կարևորությունը՝ որպես արդյունավետ զարգացման համագործակցության առանցքային չափանիշ։
Անդրադարձ է կատարվել նաև տնտեսական և սոցիալական զարգացման հարցերի համակարգման, քաղաքականությունների վերանայման և հանձնարարականների մշակման գործում ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի առանցքային դերին: Կարևորվել է Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի անցկացումը՝ որոշումների կայացման գործընթացներում զարգացող երկրների բովանդակային և արդյունավետ ներգրավվածությունն ապահովելու առումով։
Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր խոսքում անդրադարձել է նաև միջազգային ֆինանսական ճարտարապետության բարեփոխման անհրաժեշտությանը՝ ներկայացնելով զարգացող երկրների առջև ծառացած մարտահրավերները։
Եզրափակելով՝ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է բազմակողմ համակարգի արդիականացման կարևորությունը, որը կնպաստի միջազգային համագործակցության նկատմամբ վստահության ամրապնդմանը և ժամանակակից գլոբալ մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու ունակ, բոլոր անդամ պետությունների շահերն ու առաջնահերթություններն արտացոլող բազմակողմ համակարգի ձևավորմանը։

