Հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանին անհրաժեշտ է անհապաղ բուժզննում, բուժում. փաստաբանի ահազանգը
Հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը ադրբեջանական բանտում պայքարում է իր կյանքի համար, ահազանգում է փաստաբան Լուսիանա Մինասյանը։
«Մենք պահանջում ենք անհապաղ անկախ բժշկական զննում, սրտաբանական ամբողջական հետազոտություն և պատշաճ բուժում։ Հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանն ադրբեջանական բանտում պայքարում է կյանքի համար»,-նշում է Լուսիանա Մինասյանն ու ներկայացնում, թե ինչ խնդիրներ ունի Լ. Մկրտչյանը։ Լեյկոցիտները գրեթե երկու անգամ բարձր են նորմայից, ունի բորբոքումներ, սրտի լուրջ վնասում՝ ձախ փորոքի հիպերտրոֆիամ, ինչպես նաև դիաստոլիկ դիսֆունկցիա, աորտայի անբավարարություն։
«Նա ունի շարունակական գլխացավեր, գլխապտույտ, ցավ կրծքավանդակի հատվածում, արյան բարձր ճնշում։ Այս ամենը թաքնված է պաշտոնական «կայուն» հաշվետվության մեջ»,-ահազանգում է նա՝ տեղի ունեցածը որակելով որպես դիտավորյալ բժշկական անփութություն և հիշեցնելով, որ ԿԽՄԿ-ն մուտք չունի այդ երկիր։
Հիշեցնենք՝ Բաքվի ռազմական դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանին։ Ըստ «մեղադրանքի»՝ ղարաբաղյան առաջին պատերազմում նա կտտանքների է ենթարկել ադրբեջանցիներին, ինչպես նաև այլ հանցագործություններ կատարել ադրբեջանական բանակի դեմ։

