ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետո հերթը հասավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանին

ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետո հերթը հասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ և «Ազգային ժողով» կոչվածի 07.06.2026թ. ընտրություններին մասնակցած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Նարեկ Կարապետյանին:

Հայաստանի գլխավոր դատախազությունը և անձամբ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնողը՝ Աննա վարդապետյանը, ցանկանում են Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել և նրան ազատությունից զրկել: Այդ իսկ նպատակով գլխավոր դատախազին առընթեր Հատուկ հանձնարարություններով վարչության պետը ս. թ. հուլիսի 3-ին երկու միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և վերջինիս ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն ստանալու մասին։

Ինչպես հայտնի է, Նարեկ Կարապետյանն ավելի վաղ գրանցվել է որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին հերթական համարի պատգամավորի թեկնածու: Գլխավոր դատախազությունից ուղարկված միջնորդության մեջ նշված են նաև Ընտրական օրենսգրքի 90, 91-րդ հոդվածների կարգավորումները, դիրքորոշումը պատգամավորի թեկնածուի կարգավիճակի մասին:

ԿԸՀ-ն հունիսի 8-ին ընդունած որոշմամբ հղում կատարելով Ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասին, վերոնշյալ միջնորդությունները՝ կից փաստաթղթերով հանդերձ, վերադարձրել է Գլխավոր դատախազություն: Ըստ Ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի, «Պատգամավորի թեկնածուն իր կարգավիճակը ձեռք է բերում ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցման պահից:

Սույն օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները պատգամավորի թեկնածուի վրա տարածվում են մինչև Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև սահմանադրական դատարանի որոշում ընդունելը»:

ԿԸՀ-ն այսպիսով վերադարձրել դատախազության միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ Ընտրական օրենսգրքով սահմանված իրավունքները (ներառյալ՝ անձեռնմխելիության իրավունքը) և պարտականությունները պատգամավորի թեկնածուի վրա տարածվել են մինչև 2026 թվականի հուլիսի 4-ը, այսինքն՝ Ազգային ժողով ընտրվելու մասին ԿԸՀ-ի որոշման վիճարկման դեպքում մինչև Սահմանադրական դատարանի որոշման ընդունումը, այլ կերպ ասած՝ Կարապետյանն արդեն պատգամավորի թեկնածու չէ։

Ի՞նչ եք կարծում՝ գլխավոր դատախազը և գլխավոր դատախազին առընթեր Հատուկ հանձնարարություններով վարչության պետն են ավելի լավ հասկանում Ընտրական օրենսգրքում գրվածից, թե ԿԸՀ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Հովակիմյանը և հանձնաժողովի մյուս անդամները… Դե, իհարկե, գլխավոր դատախազը և հիշյալ վարչության պետը:

Եվ թեև Ընտրական օրենսգրքի  91-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորման առումով ԿԸՀ-ն իրավացի է (Ընտրական օրենսգրքով սահմանված իրավունքները (ներառյալ՝ անձեռնմխելիության իրավունքը) Նարեկ Կարապետյանի վրա որպես պատգամավորի թեկնածու տարածվել են մինչև ՍԴ հիշյալ որոշման ընդունումը), սակայն միտումնավոր անտեսել է, որ հիշյալ վարչության պետն իր միջնորդություններում հղում է կատարել նաև Ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի վրա, և որ Նարեկ Կարապետյանը թեև այլևս պատգամավորի թեկնածու չի հանդիսանում ու պատգամավորի լիազորություններն էլ դեռ չի ստանձնել, սակայն ունի նույն օրենսգրքի 90-րդ հոդվածով նախատեսված և պատգամավորի թեկնածուի համար սահմանված մեկ այլ կարգավիճակ՝ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավոր, ինչը լիովին ակնհայտ է ԸՕ-ի 90-րդ հոդվածի 2-րդ մասից:

Ըստ նույն հոդվածի 5-րդ մասի, «…մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ»:

Հիմա հաջորդ հարցը. ի՞նչ եք կարծում՝ ԿԸՀ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնող Հովակիմյանն ու ԿԸՀ-ն առյուծի կա՞թ էին խմել, որ ապօրինաբար հետ վերադարձնեին գլխավոր դատախազին առընթեր Հատուկ հանձնարարություններով վարչության պետի հիշյալ միջնորդությունները՝ դրանց բավարարումը կամ մերժումը համարելով իրենց իրավասություններից այլևս դուրս գտնվող խնդիր, իսկ գլխավոր դատախազությունն էլ լռեր՝ այսպիսով համարելով, որ սխալվել է և ԿԸՀ-ն Ընտրական օրենսգրքից ավելի լավ է հասկանում, քան ինքը…

Չե՞ք կարծում, որ այս ամենը գլխավոր դատախազության կողմից ԿԸՀ-ի հետ պայմանավորված խաղ է… Իհարկե, բացառված չէ, որ հուլիսի 3-ին հիշյալ միջնորդությունները ԿՀԸ ուղարկելուց հետո Նիկոլը կամ գլխավոր դատախազը որոշել են, որ դեռ ժամանակը չէ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան Նիկոլի կամ թշնամու (բայց ոչ ազգային) անվտանգության ծառայության ենիչերիների կամ ասկյարների միջոցով գետնին պառկեցնելու, թևերը ոլորելու, ձեռնաշղթաներ հագցնելու և ազատությունից զրկելու, և որ այդ ամենը շոուն ավելի ազդեցիկ դարձնելու համար նպատակահարմար է անել «Ազգային ժողովում» սեպտեմբերի սկզբին, երբ Կարապետյանը պատգամավորի լիազորություններն արդեն ստանձնած կլինի: Այսինքն՝ փոշմանել են և ԿԸՀ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնողին ասել, որ միջնորդությունները հետ վերադարձնի: Բայց հնարավոր են նաև այլ բացատրություններ:

Օրինակ՝ «Ուժեղ Հայաստանին» և Նարեկ Կարապետյանին այսպիսով իմաց տալով, որ վերջինս «պլանի տակ է» և իր նկատմամբ շուտով քրեական հետապնդում է հարուցվելու, ինքն ազատությունից զրկվելու է, «Ուժեղ Հայաստան»-ին դրդել մանդատներից հրաժարվել և հանրության ընդդիմադիր հատվածին հանել փողոցային բուռն պայքարի, որին Նիկոլ արյունարբուն՝ ձեռքի տակ ունենալով անզեն ժողովրդի դեմ զինված ոհմակ (չարախումբ), հավանաբար անհամբեր սպասում է ինչպես դարան մտած գազանը կամ թակարդ լարած մեկը՝ հեռահար նպատակ ունենալով Ալիևի պահանջի կատարումը՝ Սահմանադրության փոփոխությունը:

Կամ՝ գլխավոր դատախազության հիշյալ մտադրության մասին հայտնելով, տեսնել, թե «Ուժեղ Հայաստանը», Նարեկ Կարապետյանն ինչ քայլեր են կատարում, ում են զանգում, ինչեր են ասում, իրենց ովքեր են զանգում և ինչեր ասում, ինչ զրույցներ են վարում սոցիալական ցանցերում (տողերիս հեղինակը որևէ կասկած չունի, որ նրանց բոլորի հեռախոսներն ապօրինաբար գաղտնալսվում են, սոցիալական ցանցերը վերահսկվում):

Հավելենք, որ «Փաստինֆո»-ի տեղեկացմամբ, «Դատախազությունը հրաժարվել է «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան մանրամասնել, թե ինչ քրեական վարույթի մասին է խոսքը՝ պատճառաբանելով նախաքննության շահով», մինչդեռ չի կարող նախաքննական գաղտնիք համարվել Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով հարուցվել է քրեական վարույթը:

 

Արթուր Հովհաննիսյան