Դատարանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանք խափանման միջոցը

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ շարունակվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը:

Նիատի ընթացքում քննարկվեց Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքի երկարաձգման կամ փոփոխման հարցը:

Հանրային մեղադրողը պահանջեց որպեսզի տնային կալանքը երկարաձգվի ևս 3 ամսով, քանի որ դատակոչված վկաները դեռ չեն հարցաքննվել դատարանում: Դատախազը գտնում է, որ կա ռիսկ:

Փաստաբան Արմեն Ֆերոյանն ասաց, որ հնարավոր է վերացնել տնային կալանքը և արգելել շփումը դատակոչված վկաների հետ, որոնք շուրջ 40 հոգի են: Բացի այդ պաշտպանը հիշեցրեց, որ կիրառված է խոշոր գրավ, որը կդառնա պետական միջոց, եթե խախտվի այդ անձանց հետ շփման արգելքը:

«Թե ինչի՞ համար է կալանավորվել Սամվել Կարապետյանը, ո´չ մեր ձևով, ո´չ այլ ձևով չեմ կարողանում պատասխան տալ»,-ասաց Արամ Վարդևանյանը: Նա ընդգծեց, որ տնային կալանքի պայմաններում Սամվել Կարապետյանը շփվել է շուրջ 20 հազար հոգու հետ, նաև տեղական ու արտասահմանյան ԶԼՄ ներկայացուցիչների հետ և որևէ միջամտում քրեական վարույթին չի եղել:

Արամ Վարդևանյանի խոսքով, կարող են ավելացնել նաև արդեն իսկ կիրառված աննախադեպ գրավի չափը:

«Իսկ եթե ռիսկը Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանելն է, ինչը անելու է Սամվել Կարապետյանը, ապա, այո, այդ տեսանկյունից կա ռիսկ: Խնդրում եմ փոփոխել կիրառված խափանման միջոց տնային կալանքը»,-նշեց Վարդևանյանը:

Փաստաբան Ռուբեն Հակոբյանը նշեց, որ պետք է վերացնել բոլոր խափանման միջոցները, քանի որ իրավական տեսանկյունից դրանց անհրաժեշտությունը չկա:

Սամվել Կարապետյանն ասաց, որ իրեն առաջադրվել են երեք մեղադրանք 13 ամիս առաջ և նշեց, որ ինքը բացարձակ կապ չունի իրեն առաջադրված մեղադրանքների հետ:

«Տասնյակ դատական նիստեր անցկացնելուց հետո այդպես էլ չհասկացա ինչի համար եմ ես մեղադրվում: Ես հպարտ եմ, որ կալանք եմ կրել եկեղեցին պաշտպանելու հայտարաուության համար»,-նշեց Սամվել Կարապետյանը:

Դատավոր Վահե Դոլմազյանը որոշեց խափանման միջոց տնային կալանքը երկարաձգել ևս 2 ամսով:

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ ընտրված է համակցված խափանման միջոցներ` գրավ, տնային կալանք և բացակայելու արգելք: