Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող ՋԱ-ն ստանձնել է 1 մլն 400 հզր ՀՀ դրամ պարտք գումարը չտրամադրելու մասնավոր հարցին առնչվող վեճի լուծումը։ Քննչական կոմիտեից մանրամասնում են. «Մասնավորապես՝ ՊԳ-ն դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող ՋԱ-ին՝ շինարարական աշխատանքներ իրականացնելու դիմաց ԴԳ-ին 1 մլն 400 հզր ՀՀ դրամ պարտք գումարը ԴԱ-ի կողմից չտրամադրելու մասնավոր հարցին առնչվող վեճը լուծելու նպատակով, որից հետո ՋԱ-ն ԴԱ-ին հրահանգել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը նշված գումարը վերադարձնել ԴԳ-ին։ 

Այնուհետև, ՋԱ-ն տեղեկանալով, որ ԴԱ-ն իր կողմից ստանձնած պարտավորությունները չի կատարել, ներգրավելով քրեական ենթամշակույթին հարող անձ հանդիսացող ԱԳ-ին, 2026 թվականի հունվարի 16-ին իրեն պատկանող ռեստորանային համալիրում կազմակերպել է հավաք, որի ընթացքում ԱԳ-ի միջնորդության արդյունքում ԴԱ-ին իր ստանձնած պարտավորությունը կատարելու համար տրվել է 7 ամիս ժամանակ՝ պարտավորեցնելով նրան նշված գումարը որպես անօրինական օգուտ փոխանցել ՋԱ-ին։  

Նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող ՋԱ-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելը) և ԱԳ-ի նկատմամբ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը): 

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել Է վարչական հսկողությունը, գրավը և բացակայելու արգելքը։

ՋԱ-ի և ԱԳ-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»։