Թրամփը հայտնվել է փակուղու առջև, պատերազմի սպառնալիքը կախված է օդում
Հունիսի 27-ին և 28-ին ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Իրանի օբյեկտներին։ Իրանը պարտքի տակ չի մնացել՝ հարվածներ հասցնելով Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին: Հարձակումներն ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունն անվանել է Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ Իրանի ագրեսիայի պատասխան՝ անտեսելով, որ առևտրային ընդամենը երկու նավի ուղղված Իրանի հարվածները բխել են հունիսի 17-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված փոխըմբռնման մասին հուշագրի դրույթներից երկուսի խախտումից:
ԱՄՆ-ի և Իրանի միջև բավական լուրջ հարվածների փոխանակումից հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հակված է եղել Իրանին լայնամասշտաբ հարվածների վերսկսմանը, սակայն բարձրաստիճան ռազմական պաշտոնյաների հետ զրույցներից հետո ընտրություն է կատարել հօգուտ դիվանագիտության: Այս մասին, РБК-ի փոխանցմամ, հայտնել է «The Wall Street Journal»-ը (WSJ)՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին:
Ինչպես հայտնել են WSJ-ի աղբյուրները, ԱՄՆ-ի զինվորականների հետ հանդիպումների ժամանակ նախագահը մտածել է Իրանի դեմ լայնածավալ հարվածների վերսկսման մասին, սակայն վերջին հաշվով հակված է եղել դիվանագիտությանը: Նրանք հավելել են, որ Թրամփը դիվանագիտական փակուղուց ելք է փնտրում։
WSJ-ի աղբյուրների խոսքով՝ Թրամփը հանդիպումների ժամանակ քննարկել է այն հարցը, թե արժե՞ արդյոք, որ ԱՄՆ-ը հրաժարվի բանակցություններից և վերսկսի Իրանի վրա լայնամասշտաբ հարվածները, այսինքն՝ կատարել մի քայլ, որը որոշ պաշտոնյաներ բնութագրում են որպես «աշխատանքի ավարտ»: Ըստ WSJ-ի հրապարակման, վերջնական որոշում չկայացնելով, նա օգնականներին ասել է, որ զանգվածային հարվածների նոր փուլը կարող է խաթարել դիվանագիտությունը և նվազեցնել Իրանի միջուկային ծրագիրը վերացնելու Վաշինգտոնի հնարավորությունները:
ԱՄՆ-ը հանձնառու է շարունակել բանակցությունները և աջակցել Իրանի հետ հակամարտության դիվանագիտական լուծմանը: Ինչպես, РБК-ի փոխանցմամբ, հաղորդել է Քաթարի ԱԳՆ մամուլի ծառայությունը, այս մասին ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի փեսա Ջարեդ Քուշները հայտարարել են Քաթարի վարչապետ և արտգործնախարարի հետ հունիսի 30-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները փոխըմբռնման հուշագրի շրջանակներում:
«ԱՄՆ-ի երկու ներկայացուցիչներն էլ երախտագիտություն են հայտնել Քաթարին՝ ընդգծելով Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ շարունակելու բանակցային գործընթացը և աջակցելու համապարփակ համաձայնագրի ձեռքբերմանն ուղղված դիվանագիտական ջանքերին»,- նշված է X սոցցանցում Քաթարի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնել է CNN-ը, Դոհայում Ուիթքոֆն ու Քուշները պետք է հանդիպեն նաև Իրանի ներկայացուցիչների հետ: Ըստ «Bloomberg» գործակալության տվյալների, Քաթարում ամերիկացիները «դրական բանակցություններ» են անցկացրել տարածաշրջանային առաջնորդների հետ։ Գործակալությունը նշել է, որ Իրանի հետ տեխնիկական բանակցություններն առաջ են շարժվում, քանի որ երկրները ձգտում են թուլացնել լարվածությունը վերջին հարձակումներից հետո:
Կարելի՞ է արդյոք թեթևացած շունչ քաշել ու լավատեսական սպասումներով վերջակետ դնել հրապարակմանը: Ինքներդ որոշեք այս հարցի պատասխանը՝ ծանոթանալով ստորև ներկայացվող տեղեկություններին:
ԱՄՆ-ը հզորացնում է Իրանի գլխի վրա պահած իր մահակը
ԱՄՆ-ը երկու դեսանտային նավ է տեղափոխում Իրանի ափեր: «Новости Mail»-ի տեղեկացմամբ, խոշոր համալրում է ստանում Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի խմբավորումը։ Ինչպես հայտնել է ԱՄՆ-ի Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), տարածաշրջան են ժամանում երկու խոշոր դեսանտային նավեր՝ «USS Boxer»-ը և «USS Portland»-ը: Նրանց վրա է գտնվում ծովային հետևակի 11-րդ հեռարշավախմբային գումարտակը։ Նույն խմբի երրորդ նավը՝ «USS Comstock»-ը, CENTCOM-ի պատասխանատվության գոտում տեղակայված է արդեն մայիսի սկզբից:
CENTCOM-ում չեն բացահայտում այն որոշակի նպատակներն ու խնդիրները, որոնք դրված են ժամանող ծովային հետևակների և դեսանտային նավերի առջև: Հաղորդագրության մեջ միայն հստակեցվում է, որ նրանք «գործում են Մերձավոր Արևելքում պլանային առաքելության շրջանակներում»:
CENTCOM-ը մինչ այդ իր տրամադրության տակ արդեն իսկ ունի մեկ դեսանտային խումբ, որը ներառում է «USS San Diego», «USS New Orleans», ինչպես նաև արտաքուստ ավիակրի նման «USS Tripoli» խոշոր դեսանտային նավերը։ Նրանց Արաբական ծով են տեղափոխել դեռևս մարտի վերջին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի ակտիվ ռազմական գործողությունների թեժ պահին։ Այդ նավերի վրա տեղակայված է ծովային հետևակի 31-րդ հեռարշավախմբային գումարտակը՝ մոտավորապես 2500 զինծառայող։ Բացի այդ, այնտեղ տեղակայված են ռադարների կողմից դժվար հայտնաբերվող հինգերորդ սերնդի 20 հատ F-35B գաղտագողի կործանիչներ, «MV-22 Osprey» կոնվերտոպլաններ, հարվածային և տրանսպորտային ուղղաթիռներ, ինչպես նաև դեսանտային մոտորանավակներ։
Միացյալ Նահանգների ռազմածովային ինստիտուտի լրատվական ծառայության տեղեկացմամբ, այժմ ԱՄՆ-ի ՌԾՈւ-ն զգալի ուժեր է կենտրոնացրել Արաբական ծովում՝ Իրանից հարավ-արևելք: Դրանց թվում են երկու ավիակիր, մեկ հածանավ, 13 հրթիռային ականակիր և չորս մեծ դեսանտային նավ։ Բացի այդ, Կարմիր ծովում մարտական հերթապահության մեջ են գտնվում ևս երկու հրթիռային ականակիրներ: Օպերատիվ առումով դրանք ենթակա են CENTCOM-ի հրամանատարությանը։
Փորձագետը բացատրել է, թե ինչու ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղությունը երկար չի լինի
Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտի տնօրեն Կիրիլ Բաբաևը ԱՄՆ-ի և Իրանի միջև ներկայիս հրադադարը գնահատել է որպես ժամանակավոր միջոց: Նա իր դիրքորոշումը բացատրել է նրանով, որ Վաշինգտոնին այդպես էլ չի հաջողվել հասնել Թեհրանում իշխանափոխության։
«Ես համոզված եմ, որ ներկայիս հրադադարը ժամանակավոր է,- NEWS.ru-ի տեղեկացմամբ, կայքի հետ զրույցի ընթացքում հայտարարել է Բաբաևը։- ԱՄՆ-ին չհաջողվեց Իրանում փոխել վարչակարգը, նշանակում է՝ հակասությունները կպահպանվեն»:
ԱՄՆ-ի և Իրանի միջև վստահությունը խարխլված է, հաջողություն կլինի, եթե Վաշինգտոնն ու Թեհրանը պայմանավորվեն շարունակել պայմանավորվել. փորձագետ
ԱՄՆ-ը և Իրանը, ինչպես արդեն նշեցինք, հունիսի վերջին հարվածների փոխանակումից հետո վերադարձել են Քաթարի միջնորդների միջոցով անուղղակի բանակցությունների: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ե. Մ. Պրիմակովի անվան մերձավորարևելյան հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ալեքսեյ Յուրկը «Новостям Mail»-ին բացատրել է , թե ինչու է կողմերի միջև վստահությունը նվազում և ինչ է դա նշանակում խաղաղության ապագա գործընթացի համար:
Յուրկի կարծիքով, բանակցությունների ներկա փուլից շատ բան սպասել պետք չէ։ Փորձագետն արձանագրել է, որ բանակցությունների մակարդակը նվազել է, կողմերի միջև վստահությունը խարխլված է և մի շարք առանցքային կետերի շուրջ տարաձայնությունները պահպանվում են:
«Այս պայմաններում հաջողություն կլինի, եթե Վաշինգտոնն ու Թեհրանը «պայմանավորվեն շարունակել պայմանավորվել» և դիվանագիտությանը ևս մեկ հնարավորություն տան»,- ասել է Յուրկը:
Դոնալդ Թրամփը չի բացառում, որ Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունները դուրս կգան փոխըմբռնման հուշագրով սահմանված 60-օրյա ժամկետից, որը լրանում է օգոստոսի 18-ին: Այս մասին հայտնել է WSJ-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Ըստ պարբերականի տվյալների, Թրամփը նաև դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը։ Վերջին օրերին նա փակ խորհրդակցություններ է անցկացրել ԱՄՆ-ի պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի և ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գեներալ Դեն Քեյնի հետ:
Վաշինգտոնը սահմանափակված է ներքին օրակարգով և այժմ պատրաստ չէ լայնածավալ էսկալացիայի
Վերջերս հարվածների փոխանակման ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փորձել են գնահատել միմյանց հնարավորությունները և ուժեղացնել դիրքերը բանակցությունների նոր փուլից առաջ. այս մասին «Новостям Mail»-ին պատմել է քաղաքագետ-ամերիկագետ Մալեկ Դուդակովը։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը սահմանափակված է ներքին օրակարգով և պատրաստ չէ լայնածավալ էսկալացիայի, իսկ Թեհրանը դա հասկանում է։ Դուդակովի կարծիքով, Վաշինգտոնի գործողությունները շատ առումներով նման են բլեֆի։
Իրանի հետ պատերազմն ավարտվել է ԱՄՆ-ի համար ձախողմամբ։ Այժմ Միացյալ Նահանգները փորձում է բանակցությունների շրջանակներում փոխհատուցել այս բոլոր ձախողված պահերը և զգալի զիջումների հասնել Իրանի կողմից։ Ըստ փորձագետի, ԱՄՆ-ի ներքին օրակարգը էապես սահմանափակում է նախագահ Դոնալդ Թրամփին: Դուդակովի խոսքով՝ ամերիկյան հասարակությունը տրամադրված չէ Իրանի դեմ ռազմական գործողությունների շարունակմանը, ընտրողների զգալի մասը կողմ է հրադադարին և բանակցություններին: Նոյեմբերին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին մնացել է մոտ 4 ամիս, և նոր էսկալացիայի ցանկացած քայլ կարող է հանգեցնել վառելիքի գների բարձրացման և հարվածել Թրամփի և Հանրապետական կուսակցության վարկանիշներին:
Ամերիկյան պատվիրակությունը ստիպված է շտապել, որպեսզի հասցնի գոնե ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել մինչև Կոնգրեսի ընտրությունները, բայց փաստ չէ, որ դա նրանց մոտ կստացվի։
Կայքի զրուցակիցն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի շրջանակներում հիմնական շեշտը դրվել է տնտեսական հարցերի վրա, որոնց շուրջ կողմերի համար ավելի հեշտ է ընդհանուր լեզու գտնել: Խոսքը, մասնավորապես, պատժամիջոցների մեղմացման և իրանական ակտիվների վերադարձի մասին է։ Մինչդեռ առավել սուր խնդիրները՝ ներառյալ Իրանի միջուկային ծրագիրը և Հորմուզի նեղուցով նավագնացության ռեժիմը, փորձագետի խոսքով, առայժմ մնում են չլուծված, ինչը նշանակում է, որ բանակցային գործընթացը, ամենայն հավանականությամբ, ձգձգվելու է։
«Հիմա պետք չէ սպասել լուրջ էսկալացիայի,-ասել է Դուդակովը:- Այնուամենայնիվ, մեծ գործարքի կնքումը մոտ ապագայում նույնպես անիրատեսական տարբերակ է»:
Իրանը խոստացել է պատժել Խամենեիի մահվան մեղավորներին
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհամմադ Բաղեր Զուլգադրը հայտարարել է, որ Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան համար պատասխանատու անձինք կկրեն իրենց պատիժը: Խամենեին զոհվել է փետրվարի 28-ին Թեհրանի ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով:
«Մեծ Խամենեիի և Իրանի անմեղ սպանված նահատակների անմեղ արյան համար վրեժխնդրության գործը բաց է, և այդ հանցագործությունների մեղավորները կպատժվեն արդար մարդկանց կողմից պատշաճ ժամանակին, որը ուշ չի լինի»,- Новостям Mail»-ի փոխանցմամբ, նշված է X սոցիալական ցանցում Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ:
Արթուր Հովհաննիսյան

