Կանխիկի ռուբլու ճգնաժամ ԵԱՏՄ-ում․ բանկերը բարձրացնում են միջնորդավճարները և սահմանափակումները
ԵԱՏՄ բանկերը բախվել են ռուսական ազգային արժույթի ավելցուկի խնդրին, որը դժվար է օգտագործել հաշվարկներում և թանկ է սպասարկել։ Արդյունքում ֆինանսական կառույցները սկսել են միջնորդավճարներ և սահմանափակումներ մտցնել՝ կանխիկ ռուբլու մուտքագրման համար։ Եվրասիական տնտեսական միության որոշ երկրների բանկեր հունիսից սկսել են խստացնել ռուսական ռուբլով կանխիկ միջոցների մուտքագրման պայմանները, նկատել է РБК –ն, նշելով, որ հայկական մի քանի բանկեր հրաժարվել են ընդունել կանխիկ ռուբլի։
Օրինակ՝ Բելառուսում առնվազն ութ բանկ արդեն սահմանել է 2–5% միջնորդավճար՝ ոչ ռեզիդենտների հաշվին կանխիկ ռուբլի մուտքագրելու համար։ Նման բանկերի թվում են՝ «Ալֆա-բանկ», «Բելառուսբանկ», «ԲելՎԷԲ», «ԲՆԲ-բանկ», «ՄՏԲանկ», «Սբերբանկ», «Տեխնոբանկ» և «Ցեպտեր Բանկ»։
Այդպիսի քայլ է արել նաև Ղազախստանի «Բանկ ЦентрКредит»-ը, որը սահմանել է 5% միջնորդավճար՝ ոչ ռեզիդենտների՝ կանխիկ ռուբլու ընդունման համար թե՛ դրամարկղերում, թե՛ տերմինալներում և բանկոմատներում, նշվում է մամուլի հաղորդագրությունում։
Ղրղզստանի «Էկոիսլամիկբանկ»-ը նույնպես հայտնել է, որ 5% միջնորդավճար է սահմանել ինչպես կանխիկ ռուբլու մուտքագրման, այնպես էլ SWIFT փոխանցումների համար։
Միաժամանակ, որոշ հայկական բանկեր ընդհանրապես դադարեցրել են կանխիկ ռուսական ռուբլու հետ գործառնությունները, այդ թվում՝ դրանց մուտքագրումը հաշիվներին։
FTL Advisers-ի բանկերի հետ աշխատանքի ղեկավար Օլգա Բուրցևան նշել է, որ անկանխիկ ռուբլով գործարքները շարունակում են իրականացվել նախկին պայմաններով, ինչը վկայում է, որ խնդիրը հիմնականում կապված է հենց կանխիկ փողի հետ։
Պաշտոնական տվյալներով՝ ոչ Բելառուսի, ոչ Ղազախստանի, ոչ էլ Ղրղզստանի բանկերը դեռ չեն հայտնել անկանխիկ ռուսական ռուբլու գործարքների սահմանափակումների մասին։

