ՀՀ ԱԳՆ-ում քննարկվել են «Հայաստան–Գերմանիա համագործակցությունն ու խաղաղության գործընթացը»
Հունիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ճգնաժամերի կանխարգելման, ռազմավարական կանխատեսման, կայունացման և խաղաղապահության ենթահանձնաժողովի պատվիրակությանը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգի հարցեր՝ կարևորելով քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական համագործակցության խորացումն ու միջխորհրդարանական կապերի ընդլայնումը:
Կարևորվել է ՀՀ վարչապետի և Գերմանիայի դաշնային կանցլերի կողմից ստորագրված «Երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին» հռչակագրի կետերի կյանքի կոչման ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումը: Այս համատեքստում առանձնակի ընդգծվել է երկու երկրների միջև գործարար կապերի խթանման և երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացման անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ: Դավիթ Կարապետյանը զրուցակիցներին է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղության հետևողական ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերը:

