Թուրքիայում երիտասարդների աղքատության ռիսկը գերազանցում է Եվրոպայի միջին ցուցանիշը

«Եվրոպական վիճակագրական ծառայության» (Eurostat) 2025-ի տվյալներով՝ Թուրքիայում 15-29 տարեկան երիտասարդների 28.2%-ը գտնվում է աղքատության կամ սոցիալական մեկուսացման ռիսկի տակ, ինչը բարձր է Եվրոպայի միջին՝ 24.2% ցուցանիշից։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Զեկույցում նշվում է, որ միայն եկամտային աղքատության ռիսկի տակ է գտնվում Թուրքիայի երիտասարդների 21.9%-ը։ Ընդհանուր բնակչության շրջանում աղքատության ռիսկը կազմել է 23.4%, իսկ յուրաքանչյուր 10 բնակչից մոտ 1-ը բախվում է լուրջ նյութական և սոցիալական զրկանքների։

«Eurostat»-ի տվյալներով՝ Թուրքիան նյութական և սոցիալական զրկանքների ցուցանիշով Եվրոպայում զբաղեցնում է 4-րդ տեղը՝ զիջելով միայն Ռումինիային, Բուլղարիային և Հունաստանին։ Փորձագետների գնահատմամբ՝ տնտեսական պայմաններն առավել ծանր ազդեցություն են թողնում երիտասարդների կյանքի որակի, հիմնական կարիքների հասանելիության և սոցիալական ներառվածության վրա։