Մե հրաշք, բոլորիս վերահսկելու են այս միջոցով, և մենք պետք է դրա համար վճարենք․ փորձագետի ահազանգը (տեսանյութ)

«Կառավարությունը որոշել է մեր բոլորի բջջային հեռախոսների IME-ները գրանցել։ IME-ն դա հեռախոսի հատուկ համարն է, այն ձեզ դարձնում է շատ վերահսկելի հեռախոսի տեսանկյունից։ Սա հայտարարվում է, թե արվում է, որպեսզի բջջային հեռախոսների սև շուկան փակեն, բայց եկեք հասկանանք այս ամենը ինչ վտանգներ է պարունակում»,– անդրադառնալով կառավարության նախաձեռնությանը, որով նախատեսվում է գրանցել բջջային հեռախոսների IMEI համարները՝ ասել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ նախաձեռնության առաջին խնդիրը քաղաքացիների նկատմամբ վերահսկողության ուժեղացումն է։

«Առաջինն այն է, որ սա դարձնում է շատ ավելի վերահսկելի մեզ, որովհետև ոչ միայն քարտով եք դուք վերահսկվում, այլ նաև ֆիզիկապես, և պարզ է դառնում, որ սա ձեր հեռախոսն է,– նշել է նա, ապա շարունակում։ -Ըստ նախագծի, ստեղծվում է ինչ-որ ոչ պետական կազմակերպություն, որին շատ տվյալներ են տրվում՝ ձեր հեռախոսի IME-ն, SIM քարտը, անձնագրի տվյալները, նաև սահմանի շարժը։ Եթե ձեր հեռախոսը պետական ռեգիստրում չկա, ինքը բլոկվելու է»,– ասել է նա։

Տեղեկատվական անվտանգության փորձագետն անդրադարձել է նաև հնարավոր ազդեցությանը զբոսաշրջիկների վրա։

«Սա նաև մեծ «ուրախություն» տուրիստների համար՝ այսինքն մարդ գալիս է Հայաստան, 30-րդ օրը իր հեռախոսն անջատվում է, որովհետև ինքը գրանցված չի կամ պետք է գնա գրանցվի։ Պատկերացրեք՝ գնացել եք մի երկիր ֆռֆռալու, բայց պետք է մի հատ էլ գնաք ինչ-որ պետության կառույցում հերթ կանգնեք, ձեր հեռախոսի IME-ն գրանցեք, որ բլոկ չընկնի՝ մե հրաշք»,– նշել է նա։

Մարտիրոսյանի գնահատմամբ՝ նախաձեռնությունը ենթադրում է անհամաչափ տվյալների հավաքագրում՝ առանց բավարար վերահսկողական մեխանիզմների։

Անդրադառնալով միջազգային փորձին՝ Մարտիրոսյանը թվարկել է այն երկրները, որտեղ գործում է նման համակարգ.

«Ահա թե որ երկրներում այս փորձը կա՝ Թուրքիա, Իրան, Լիբանան, Եգիպտոս, Ուզբեկստան, Ղազախստան, Ադրբեջան, Տաջիկստան, Ինդոնեզիա, Պակիստան, Նեպալ, Կամբոջա, Բանգլադեշ, Չիլի, Կոլումբիա, Մեքսիկա։ Սա է միջազգային փորձը։ Ինչպես տեսնում եք՝ աշխարհի ամենաժողովրդավար երկրներն են, և շուտով ևս մի ժողովրդավարության բաստիոն է այս ամենը կիրառելու՝ Ռուսաստանը»։

Մանրամասները՝ տեսանյութում