Օծանելիքների կորուստը ողբացող մեկի համար հազիվ թե ուրիշ արժեք ավելի թանկ լինի, քան տան զարդերը
Մեր մեծերը մեզ միշտ պատմում էին, թե 1994 թ․ Դաշնակցության գործունեության կասեցման ժամանակ ինչպիսի վայրենաբարո մեթոդներով են գրասենյակներից առգրավվել կարևոր գույք ու սարքավորումներ, որոնցով Դաշնակցությունը ստեղծում էր արժեքներ՝ Արցախյան գոյապայքարը լուսաբանող լրատուներ, թերթեր, գրքեր և այլն։
Հիշում եմ, թե ինչպես էին նրանք Եզնիկ Կողբացու վրա գտնվող մեր ուսանողական միության գրասենյակ բարձրանալիս ամեն անգամ ցույց տալիս աստիճանների կոտրատված եզրերն ու ասում՝ սրանք մեր Կենկենի (ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական Կոմիտեի) գրասենյակի սեյֆերը գլորելով դուրս շպրտելու ու տանելու հետքերն են․․․
Պատմում էին նաև, թե ինչպես էին ոստիկանները ձմռան ցրտին Կենկենում հերթապահելիս տաքացել Արամի, Ռուբենի ու Նժդեհի գրքերը վառելով․․․
Սակայն ամենակարևոր ցավը որ ապրել են մեր ավագ ընկերները, դա նրանց՝ տարիներով հավաքած արխիվներն ու փայփայած նյութերն են եղել, Արցախին, Հայ դատին, Հայրենիքին ու Սփյուռքին առնչվող մեծածավալ արխիվներ, որոնք անփոխարինելի ատաղձ են եղել հետագայում արժեքավոր գրքեր, հանրագիտարաններ, թերթեր ու ամսագրեր ստեղծելու համար։
Ցավ են ապրել, քանի որ սարքավորումներն ու նյութական իրերը վերականգնելի են, իսկ ոչ նյութական արժեքները, որոնք անվերադարձ կորչել են, հազիվ թե։
Անկեղծ ասած՝ ես հասկանում եմ, թե ինչու է երկրի ղեկավարություն կոչված թուրքական ազդեցության մի խմբակ Դաշնակցությանը կամ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին ճնշելու փորձեր անելիս խուզարկում են բնակարանն ու․․․ առգրավում տան ոսկյա զարդերը։ Արյամբ ազատագրված Արցախի մեծագույն մասի հանձնման արյունոտ գիշերը սեփական ամառանոցում օծանելիքների կորստի համար ողբացող մեկի համար հազիվ թե ուրիշ արժեք ավելի թանկ լինի, քան տան զարդերը։
Հասկանում եմ, քանի որ ամեն մեկն իր նպատակն ու արժեքներն ունեն։ Հասկանում եմ, որ կյանքում ոչինչ չստեղծած, քանդած ու ավերած, հանձնած ու վաճառած մեկի համար անսահման հրճվանք է դիմացինից ինչ-որ զարդեր խլելը, մոլեգին հրճվանքով մտածելը, թե դրանով վախեցնում կամ վնաս է տալիս դիմացինին։ Այդ ողորմելի, գավառական ու ստրկացող տեսակը միշտ է եղել հայոց կյանքում, ողբերգությունն այն է, որ այդ տեսակը բազմել է երկրի ղեկավարի աթոռին, ներկայացնում է հային ու Հայաստանը, փորձում թուրքական ստրկության տանել հային ու Հայաստանը․․․
«Երկիր»-ի խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

