Այսպես կոչված, «ադրբեջանցիների վերադարձի» թեման հասնում է ԱՄՆ Կոնգրես. Վաշինգտոնում համաժողով կանցկացվի

Հունիսի 24-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ Կոնգրեսի շենքում, տեղի կունենա միջազգային համաժողով՝ «Վերադարձի և ինքնորոշման իրավունք. երկակի ստանդարտներ և ընտրողական մոտեցումներ» խորագրով, որը կազմակերպվել է «Բաքվի նախաձեռնողական խմբի» կողմից։ Միջազգային համաժողովը նվիրված է իբրև թե ադրբեջանցիների էթնիկ զտմանը Հայաստանի կողմից։ Այս մասին հաղորդում է ԱՊԱ գործակալությունը։

«Սա կհիշվի՝ որպես ԱՄՆ Կոնգրեսում անցկացվող առաջին նմանատիպ միջոցառումը, որը վերաբերում է Հայաստանի կողմից ադրբեջանցիների էթնիկ զտումներին։ Նշվել է, որ համաժողովը կհամախմբի փախստականների և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում մասնագիտացած փորձագետների, իրավապաշտպանների, միջազգային իրավունքի մասնագետների, սփյուռքի այնպիսի կազմակերպությունների ներկայացուցիչների, որոնց անդամները էթնիկ հողի վրա ենթարկվել են բռնության, խտրականության ու հալածանքների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչների և տուժած համայնքների անդամների։

Համաժողովի մասնակիցները կքննարկեն հիմնարար իրավունքների ճանաչման հարցը՝ միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում պահելով անվտանգ, կամավոր և արժանապատիվ կերպով սեփական պատմական հողեր վերադառնալու իրավունքը՝ որպես օրինակ բերելով հարյուր-հազարավոր ադրբեջանցիների, ովքեր էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով բռնի ուժով արտաքսվել են Հայաստանում գտնվող իրենց պատմական հողերից»,- ասվում է ԱՊԱ-ի հրապարակման մեջ։ Հատկապես վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանն ակտիվացրել է այս թեման։

Օրերս Նախիջևանի Օրդուբադ քաղաքում տեղի ունեցավ «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ փառատոն-համաժողովը։ Դիմելով Օրդուբադում մեկնարկած «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» փառատոն-համաժողովի մասնակիցներին՝ Ադրբեջանի կրթության և գիտության նախարար Էմին Ամրուլաևն ասել էր, թե «Արևմտյան Ադրբեջանի թեման ռազմավարական կարևորություն ունի»։ «Վերադարձը Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր վկայեց, որ պատմական արդարությունը, թեկուզ և որոշ ժամանակ անց, բայց անխուսափելիորեն հաղթանակում է։ Ադրբեջանի քաղաքացիների այսօրվա վերադարձն այն հստակ իրողության ապացույցն է, որ նպատակաուղղված և հետևողական գործունեության դեպքում կարելի է լուծել ցանկացած խնդիր»,- նշել է ադրբեջանցի նախարարը։ Ամրուլաևի խոսքով՝ «Արևմտյան Ադրբեջանի թեման առանցքային դեր ունի ադրբեջանցիների ազգային ինքնության ձևավորման հարցում»։

Չնայած Հայաստանի իշխանությունները շարունակաբար պնդում են, որ իրենց բանակցային օրակարգում նման հարց գոյություն չունի, Ադրբեջանը տարբեր միջազգային հարթակներում հետևողականորեն առաջ է մղում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեման։ Բաքուն օգտագործում է բոլոր հնարավոր դիվանագիտական և քարոզչական լծակները՝ այդ հարցը միջազգային հանրության օրակարգ բերելու համար։