Թուրքիան Իրանից ավելի մեծ սպառնալիք է. Իսրայելական մամուլ

Իսրայելական մամուլի առաջատար պարբերականներից «Maariv»-ը վերլուծել է Թուրքիայի ռազմական կարողությունների աճն ու ռազմարդյունաբերական ոլորտում ունեցած զգալի առաջընթացը։ Թերթի համոզմամբ՝ Թուրքիան Իսրայելի համար վերածվել է լրջագույն մարտահրավերի։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

«Թուրքիան ավելի մեծ սպառնալիք է դարձել սիոնիստական վարչակազմի համար, քան նույնիսկ Իրանը։ Հնարավոր ռազմական բախման դեպքում կարող են վճռորոշ դեր խաղալ հատկապես Թուրքիայի ռազմածովային ուժերը»։

Վերլուծության մեջ նշվում է, որ Թուրքիայի ռազմածովային նավատորմը՝ իր 16 սուզանավերով, բազմաթիվ ֆրեգատներով և «TCG Anadolu» ամֆիբիական գրոհային նավով, դարձել է տարածաշրջանի ամենահզոր ծովային ուժերից մեկը։

Շեշտվում է այն փաստը, որ Թուրքիան ունի ՆԱՏՕ-ի 2-րդ ամենամեծ բանակը, իսկ ռազմական արդյունաբերությունում տեղական արտադրության մակարդակը հասցրել է մոտ 80 տոկոսի, ինչն էապես մեծացրել է նրա ռազմական ինքնուրույնությունը։ Հետևաբար ստացվում է, որ իրեն անհրաժեշտ ռազմական տեխնիկայի մեծ մասը Թուրքիան արդեն ի վիճակի է արտադրել սեփական հնարավորություններով։

Հոդվածում նշվում է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերն ունեն մոտ 200 մարտական ինքնաթիռ, որոնց մեծ մասը F-16 կործանիչներ են։ Ընդգծվել է նաև, որ տարբեր առաքելություններում կիրառվող հարձակողական ուղղաթիռները երկրի ռազմական ներուժի կարևոր բաղադրիչներից են։

Ուշադրություն է հրավիրվում նաև այն հանգամանքի վրա, որ թուրքական բանակը տասնամյակներ շարունակ իրականացված ռազմական գործողությունների շնորհիվ ձեռք է բերել զգալի մարտական փորձ։ Մասնավորապես, Սիրիայում և Իրաքում իրականացված գործողությունները նպաստել են զինվորական անձնակազմի հմտությունների զարգացմանը, ինչպես քաղաքային մարտերում, այնպես էլ բարդ տեղանքներում։