Անկլավները Հայաստանում. նախկինում՝ անկլավ, այսօր՝ ՀՀ տարածք. «Հետք»
Խորհրդային տարիներին Իջևանի շրջանում ձևավորվել էր ադրբեջանական մի անկլավ, որտեղ 2 գյուղ կար՝ Բարխուդարլուն և Սոֆուլուն: Սա Հայաստանի տարածքում առաջացած ադրբեջանական 3 անկլավներից միակն էր, որտեղ մեկից ավելի բնակավայր կար: Այս մասին գրում է «Հետքը»։
Ըստ Google Maps-ով չափումների, Բարխուդարլու-Սոֆուլու անկլավի տարածքը 10 քկմ-ից մի փոքր ավելի է: Այս առումով այն փոքր էր Վերին Ոսկեպարից (Յուխարը Ասկիպարա, մոտ 26 քկմ), բայց մեծ էր Քյարքիից (Տիգրանաշեն, շուրջ 8 քկմ):
Անվանումները
Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանում (1986 թ.) Սոֆուլուն հիշատակվում է նաև Սոթուլու, Սոֆուլի, Սուֆլի, Սուֆուլի անուններով: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Սոֆուլու կոչվող բնակավայրերն իրենց անունն ստացել են թյուրքական սոֆուլու ցեղից (այս անունով գյուղեր են եղել նաև Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի ու Շուշիի գավառներում):
Ինչ վերաբերում է Բարխուդարլուին, ապա վերոնշյալ բառարանում այն նշվում է նաև Բարխուդարլի, Բարխուդարլը անուններով: Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ այս բնակավայրն անվանակոչվել է Բարխուդար բեկի անունով, որը 16-17-րդ դարերում հայտնի թնդանոթագործ է եղել Սեֆյան Պարսկաստանում, և նրա ստեղծած թնդանոթները կիրառվել են թուրք-պարսկական պատերազմներում Երևանի, Գանձակի (Գյանջա) ու Թավրիզի պաշտպանության համար: Կարծիք կա, որ գյուղը կոչվել է Բարխուդարլու, քանի որ այստեղ հաստատվել են Բարխուդար բեկի հետնորդները: Նկատենք, որ հայկական աղբյուրներում Բարխուդարլուի և Սոֆուլուի անունների ծագման մասին տեղեկություններ չկան:
Ռազմավարական դիրքը
Ինչպես արդեն գրել ենք, Հայաստանում ադրբեջանական անկլավների դիրքը պատահական չի եղել. դրանք առաջացել են ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների՝ մայրուղիների ու երկաթուղու վրա: Եթե Տիգրանաշեն-Քյարքին ստեղծվել է Երևանն ու Արարատյան դաշտը երկրի հարավին, մասնավորապես՝ Զանգեզուր-Սյունիքին ու Արցախին կապող ավտոմայրուղու (ներկայում՝ Մ-2) վրա, որն անկախությունից հետո ապահովում է նաև ՀՀ-ի կապը Իրանի հետ, ապա Վերին Ոսկեպարը ստեղծվել է Երևան-Իջևան-Վրաստան մայրուղու (նախկինում՝ Մ-16, ներկայում՝ Հ-58) անմիջական հարևանությամբ:
Իսկ ահա Բարխուդարլու-Սոֆուլուն կազմավորվել է ոչ միայն Երևան-Իջևան-Ադրբեջան մայրուղու (ներկայում՝ Մ-4), այլև Իջևան-Ղազախ երկաթգծի վրա. Բարխուդարլուն գտնվում էր ավտոմայրուղու ու երկաթգծի մի կողմում՝ Աղստև գետի աջ ափին, իսկ Սոֆուլուն՝ ճանապարհի մյուս կողմում՝ գետի ձախ ափին: Ճիշտ է, անկլավը ստեղծվել է մինչև այս երկաթգծի գործարկումը, սակայն դրանից ադրբեջանական անկլավի «վերահսկողական» դերը չի նվազում, մանավանդ որ Բարխուդարլուում երկաթուղային կայարան կար:
Եվ ինչպես հայկական Ոսկեպար գյուղն է «սեղմված» եղել ադրբեջանաբնակ Վերին Ոսկեպար (Յուխարը Ասկիպարա) անկլավի և «բուն» Ադրբեջանի տարածքում գտնվող Ներքին Ոսկեպարի (Աշաղը Ասկիպարա) միջև, այնպես էլ Բարխուդարլու-Սոֆուլու անկլավի և սահմանից այն կողմ գտնվող ադրբեջանական Ջաֆարլի ու Բալա Ջաֆարլի գյուղերի միջև «սեղմվել էր» հայկական Կայան գյուղը:
Ինչպես են առաջացել կովկասյան թուրքերի գյուղերը
Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի «Հյուսիսային Արցախ» գրքի (2004 թ.)՝ Բարխուդարլուն և Սոֆուլուն 19-րդ դարի վերջին հիմնել են այս տեղանքում նստակեցության անցած խաշնարած (անասնապահ) թուրքերը: Կարապետյանը նկատի է ունեցել կովկասյան թուրքերին, քանի որ այն ժամանակ գոյություն չուներ «ադրբեջանցի» էթնոնիմ, և տեղի մուսուլմանները հայտնի էին որպես կովկասյան թուրքեր կամ կովկասյան թաթարներ:
Պատմական աղբյուրների համադրությամբ ներկայացնենք այս գյուղերի բնակչությունը տարբեր տարիների:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։

