Իսրայելը հավանաբար կտապալի Իրան-ԱՄՆ պայմանավորվածությամբ ձեռք բերված փխրուն խաղաղությունը, ու պատերազմը, ցավոք, կվերսկսվի նոր թափով

Այս կանխատեսումը բխում է Իսրայելի ղեկավարության հայտարարություններից, սիոնիստական պետության գործողություններից և ոչ միայն․․․

 

ԱՄՆ-ը և Իրանը հունիսի 18-ին հեռավար կերպով, էլեկտրոնային եղանակով ստորագրել են փոխըմբռնման մասին հուշագիր, որով նախատեսված է կրակի վերջնական դադարեցում, այդ թվում՝ լիբանանյան ուղղությամբ։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույն օրը հայտարարել է, որ ակնկալում է լիակատար հրադադար բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանը, «Հեզբոլլահը» և Իսրայելը:

Ֆրանսիայում G7-ի գագաթնաժողովի շրջանակներում Թրամփը դժգոհություն է հայտնել Լիբանանում Իսրայելի գործողություններից և Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին ավելի մեծ պատասխանատվության կոչ արել: Նաթանյահուն, իր հերթին, նշել է, որ իսրայելական զորքերը դուրս չեն բերվի Լիբանանից, քանի դեռ դա պահանջում է Իսրայելի անվտանգությունը, և ընդգծել, որ Իսրայելը կապված չէ Վաշինգտոնի և Թեհրանի պայմանավորվածություններով: Նաթանյահուն հունիսի 18-ին հայտարարել է, որ երկրի բանակը կպահպանի անվտանգության գոտին Լիբանանի հարավում՝ չնայած Իսրայելի զորքերը դուրս բերելու Իրանի պահանջներին:

Իսրայելում հայտարարել են, որ չեն պատրաստվում կատարել ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման մասին հուշագրի պայմանները, և որ Իսրայելը տվյալ հուշագրի կողմ չէ, ուստի դրա դրույթները նրա համար պարտադիր ուժ չունեն: Ըստ սիոնիստական պետության ազգային անվտանգության նախարարի, ձեռք բերված պայմանավորվածությունները հաշվի չեն առնում Իսրայելի անվտանգության հարցերը։

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրն օրերս, ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի ստորագրումից գրեթե անմիջապես հետո հայտարարություն է տարածել՝ ասելով, որ Իրանի հետ ԱՄՆ-ի հաստատած համաձայնությունը որևէ կերպ չի կարող պարտադրող լինել իսրայելական կողմի համար։

«Թրամփի հուշագիրը մեզ ոչինչ չի պարտադրում։ Իսրայելը չի ենթարկվում Միացյալ Նահանգներին։ Մենք անկախ և ինքնիշխան պետություն ենք»,- գրել է նա X-ի իր էջում։

Նախարարի հավաստմամբ, իրենք ապահովելու են Իսրայելի անվտանգությունը, իրենց պարտքն է Իսրայելի քաղաքացիների, ՑԱՀԱԼ- ի զինվորների և հրեա ժողովրդի առջև, ինչպես նաև իրենց պատմական պարտքն է հազարավոր տարիների աքսորի ընթացքում հալածված և սպանված հրեաների առջև՝ ապահովել հրեաների անվտանգությունն Իսրայելի հողում:

«Ամեն անգամ, երբ մենք Իսրայելի անվտանգության հաշվին ենթարկվել ենք միջազգային ճնշման, մենք վճարել ենք արյան գին՝ տոկոսներով․․․ Մենք ընդգծում ենք, որ սիրում ենք Միացյալ Նահանգները և շնորհակալ ենք նախագահ Թրամփին։ Սակայն Իսրայել պետությունը «բանանային հանրապետություն» չէ։ Ես այս խոսքերը մշտապես ասում եմ վարչապետին և կրկնում եմ փակ քննարկումներում յուրաքանչյուր կարևոր պատմական շրջադարձի ժամանակ. պատմական պահերին անհրաժեշտ է պատմական որոշումներ կայացնել։ Իմ դիրքորոշումը հստակ է՝ մենք այս հուշագրի կողմ չենք, այն չի ապահովում մեր անվտանգությունը, և մեզ որևէ կերպ որևէ բան չի պարտադրում»,- հայտարարել է Իսրայելի ազգային անվտանգության նախարարը:

Նա ընդգծել է, որ երկիրը չպետք է համաձայնվի ոչ մի բանի՝ պակաս նրանից, ինչ «Հեզբոլլահ»-ի լիակատար զինաթափումը, և չպետք է հեռանա Լիբանանում իսրայելցի զինվորականների կողմից գրավված ոչ մի տարածքից: Հրեական պետության սիոնիստական վարչակարգը հայտարարեց այս մասին և անցավ գործի…

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի պաշտպանության (իրականում՝ ագրեսիայի) բանակը՝ ՑԱՀԱԼ-ը, Լիբանանում հենց ինքը խախտելով հուշագրով սահմանված հրադադարը և սադրելով լիբանանյան «Հեզբոլլահ» կազմակերպության պատասխան հարվածը, նրան մեղադրել հրադադարը խախտելու մեջ ու վերսկսել առավել մասշտաբային հարվածները Լիբանանին: ՑԱՀԱԼ-ը հունիսի 18-ի, լույս 19-ի գիշերը շարունակել է հարվածները «Հեզբոլլահ» շարժման ու Լիբանանի հարավում գտնվող մի քանի շրջանների ենթակառուցվածքներին:

Թեև Լիբանանի տարածքային ամբողջականության մասին դրույթն ամրագրված է նաև Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրում, իր իսկ ստորագրած փաստաթուղթը չհարգող ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, թե Իրանի հետ խաղաղության գործարքի կնքումը կախված չէ Լիբանանում Իսրայելի գործողություններից:

Իսրայելի բանակը հունիսի 18-ին հայտարարել է, որ շարունակելու է «Հեզբոլլահ»-ի դեմ գործողությունը Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտում: Ըստ ՑԱՀԱԼ-ի հրապարակած քարտեզի, այդ գոտին Իսրայելի հետ սահմանից տարածվում է մինչև 10 կմ դեպի Լիբանանի տարածքի խորքը:

ՑԱՀԱԼ-ը, «Новости Mail»-ի փոխանցմամբ , հայտարարել է, որ լույս 19-ի գիշերը հարվածներ է հասցրել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետ կապված ավելի քան 80 թիրախների: Ինչպես նշված է զինվորականների հաղորդագրության մեջ, կրակի տակ են հայտնվել հրամանատարական կետերը, հրթիռների արձակման կայանքները և այլ օբյեկտներ: Հարձակումներն ազդել են Էն Նաբաթիա նահանգի և Լիբանանի հարավում գտնվող այլ շրջանների վրա։ ՑԱՀԱԼ-ում նաև հավելել են, որ այդ գործողությունների ընթացքում ոչնչացվել են «Հեզբոլլահ»-ի տասնյակ զինյալներ: Ընդ որում, «РИА Новост»-ի տեղեկացմամբ, լիբանանցի ռազմադաշտային հրամանատարը հայտնել է, որ Իսրայելի գրոհները շարունակվել են նաև հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու հայտարարված ժամանակից հետո:

Շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունն անմիջապես պատասխանել է իրեն Իսրայելի հասցրած հարվածներին, ինչի հետևանքով զոհվել են մի քանի իսրայելցի զինծառայողներ: «Հեզբոլլահ»-ին ջախջախելու Իսրայելի ծրագրերը ձախողվել են. այս մասին լիբանանյան հեռուստատեսության եթերում հայտարարել է կազմակերպության առաջնորդ Նաիմ Քասեմը:

«Լիբանանի տարածքի յուրաքանչյուր սանտիմետրից օկուպանտների վերջնական և անդառնալի վտարումն անխուսափելի է»,- ասել է պարոն Քասեմը (նրա ելույթի խոսքը մեջբերել է «Breaking News» պորտալը):

«Հեզբոլլահ-ի առաջնորդը հավելել է, որ Լիբանանը բախվել է Իսրայելի և ԱՄՆ-ի «վտանգավոր դավադրության» հետ, որը սպառնում է երկրի ապագային:

Ինչպես, «РИА Новости»-ի փոխանցմամբ , հաղորդել է «Associated Press» գործակալությունը՝ վկայակոչելով իրանական դիրքորոշմանը ծանոթ աղբյուրին, Իրանը հրաժարվել է Շվեյցարիայում հունիսի 19-ին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել՝ Լիբանանում Իսրայելի հարձակումների շարունակման պատճառով: Այդ պատճառով իրանցի պաշտոնյաները չեղյալ են հայտարարել նախատեսված այցը՝ պնդելով, որ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցվեն:

«ԱՄՆ- ի և Իրանի միջև բանակցությունները չեղարկվել են ուրբաթ օրը Լիբանանի հարավում Իսրայելի և շիական շարժման միջև ինտենսիվ մարտերից հետո»,- գրել է գործակալությունը:

Իսրայելին մեղադրելու փոխարեն, Թրամփն իր «Truth Social» սոցցանցում կատարած գրառմամբ Իրանին է մեղադրել հունիսի 19-ին Շվեյցարիայում նախատեսված բանակցություններին չներկայանալու մեջ:

«Մենք չէ, որ հուսահատությունից չենք գնացել հանդիպման, այլ Իրանը։ Նրանց վե՜րջ: Մենք կորոշենք, թե ինչպես կանցնեն այդ 60 օրերը։ Նրանք գումար չեն ստանա, նույնիսկ 10 ցենտ»,- այսպես է արձագանքել  Թրամփը։

Ըստ «Financial Times»-ի, Թեհրանը Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման երաշխիքներ է պահանջել՝ համաձայն ստորագրված հուշագրի, և միջնորդները փորձում են կարգավորել այդ հարցը: «Reuters»-ը հունիսի 19-ին հայտնել է, որ Իսրայելն ու «Հեզբոլլահ»-ը պայմանավորվել են հրադադարի մասին: Գործակալության աղբյուրի խոսքով՝ դրան նպաստել են ԱՄՆ-ի, Կատարի և Իրանի բանակցողները: Նույն օրը Մոսկվայի ժամանակով 16: 00-ից լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել։ Դրանից ժամեր անց «The Washington Post» գրել է, որ ամերիկյան հետախուզությունը, վախենում է Իսրայելի կողմից ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների ձախողումից:

Ինչպես, «Коммерсантъ»-ի փոխանցմամբ , հայտնել է ամերիկյան վարչակազմում «The Washington Post»-ի (WP) բարձրաստիճան աղբյուրը, ամերիկյան հետախուզությունը Դոնալդ Թրամփի վարչակազմին նախազգուշացրել է, որ Իսրայելը կարող է խախտել ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված հուշագրի պայմանները: Աղբյուրի խոսքով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն բախվում է ներքաղաքական ուժեղ ճնշումների և Լիբանանի ուղղությամբ հարվածները շարունակելու պահանջների հետ:

Ինչպես, РБК-ի փոխանցմամբ, գրել է WP-ն՝ հղում անելով իր աղբյուրներին, ԱՄՆ-ի հետախուզության կարծիքով, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, հավանաբար, ծրագրում է խափանել ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիրը: Պարբերականի աղբյուրները հայտնել են նաև, որ Իսրայելը մտադիր է Լիբանանում շարունակել գործողությունը, ինչը հակասում է ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրին:

Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ «Նաթանյահուի քաղաքական գոյատևումն ուղղակիորեն կապված է Լիբանանից զորքերը դուրս բերելուց հրաժարվելու և «Հեզբոլլահ»-ին հարվածներն ուժեղացնելու մասին հայտարարությունների հետ»,- ասել է WP-ի աղբյուրը:

Բացի վերոնշյալից, հետախուզությունը կարծում է, որ Իսրայելը դժգոհ է Թրամփի հուշագրի պայմաններից, որոնք խաթարում են Թեհրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու իր ջանքերը: Զեկույցում նշված է նաև, որ ռազմական գործողությունների ցանկացած դադարեցում կամ Լիբանանից զորքերի դուրսբերում Իսրայելում կընկալվի որպես Նաթանյահուի պարտություն:

Իրանի կողմից չեղարկված և Շվեյցարիայում ուրբաթ օրը չկայացած բանակցությունները տեղի ունեցան կիրակի, բայց…

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան