«7or.am» կայքի աշխատանքը առայսօր պարալիզացված է. Հայաստանի ԶԼՄ–ների ասոցացիայի հայտարարությունը

2026 թվականի մայիսի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները, ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ խուզարկություններ են իրականացրել «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում, Անդրանիկ Թևանյանի բնակարանում, ավտոտնակում և մեքենայում, ինչի արդյունքում, ի թիվս այլնի, առգրավվել են նաև «7or.am» լրատվավերլուծական կայքի տեխնիկական միջոցները, որոնցով ապահովվում էր կայքի անխափան աշխատանքը: Արդյունքում «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը այդ օրվանից ցայսօր պարալիզացված է:

Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան դատապարտում է իրավապահ մարմինների այս մոտեցումը: Միանշանակ է, որ այն ուղղակիորեն հակասում է ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներին, խոսքի և մամուլի ազատությանը, ինչպես նաև լրատվամիջոցների անխոչընդոտ գործունեության սկզբունքին՝ ցավով արձանագրելով, որ սույն գործելաոճը դարձել է կրկնվող:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան ՊԱՀԱՆՋՈՒՄ Է․

* Անհապաղ վերադարձնել «7or.am» լրատվամիջոցի գործունեության համար կենսական նշանակություն ունեցող ամբողջ տեխնիկան՝ կայքի բնականոն գործունեությունը աշխատանքային հուն վերադարձնելու նպատակով։

* Ապագայում զերծ մնալ լրատվամիջոցի պարալիզացում առաջացնող գործելաոճից, անկախ հանգամանքից, թե ինչ վարույթի շրջանակում է իրականացվել գործողությունը։

Միևնույն ժամանակ, Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիայի անդամ լրատվամիջոցներս, այս դեպքում ևս, վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ տեխնիկապես և մասնագիտական ռեսուրսներով օժանդակել «7or.am» լրատվականին՝ աջակցելով, որպեսզի նրանց մեդիա արտադրանքի շարունակականությունն ապահովվի մինչև տեխնիկայի վերադարձը և լրատվամիջոցի բնականոն գործունեության լիարժեք վերականգնումը։