Արմեն Նիկողոսյանը հեռացել է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից:
«Մեր երկիրը Վրաստանի հետ համատեղ իրավունք ստացավ կազմակերպելու նշանակությամբ աշխարհի երկրորդ խոշորագույն մրցաշարը՝ 2029 թվականի Աշխարհի Մ-20 տարեկանների եզրափակիչ առաջնությունը: Մեծ հաշվով՝ չէի էլ երազում, որ պաշտոնավարմանս ընթացքում անմիջական մասնակցություն կունենամ ոչ վաղ անցյալում անհասանելի թվացող նման միջոցառումներին: Բայց հիմա սա իրողություն է, պետք է գնալ նոր նպատակների հետևից, և ես մասնակցելու եմ հենց այս մրցաշարի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին։ Հետևաբար` հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իր հայտարարության մեջ գրել է Արմեն Նիկողոսյանը:
2017 թ. նոյեմբերին Արմեն Նիկողոսյանը նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական։ 2018 թ. սեպտեմբերից զբաղեցնում էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը։ 2019 թ. դեկտեմբերին վերընտրվել է այդ պաշտոնում։

