Փամբակ գետից հեռացվեց չարաբաստիկ խողովակը

Այսօր Վանաձորի 3-րդ մաս կոչվող տարածքով հոսող Փամբակ գետի վրայից հեռացվեց խողովակը, որի վրայով անցնելիս գետն էր ընկել երեկ մահացած հայտնաբերած 7-ամյա աղջնակը։ Նրա 13-ամյա քրոջը փրկարարները, կամավորները, բնակիչներն ու ջրասուզակները դեռ փնտրում են։

ՆԳՆ փրկարար ծառայությունից այսօր հայտնել են, որ 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքներին ներգրավված են փրկարար ծառայության՝ 125, ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 17։05-ին, 112 ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել և չէին հասել նախատեսված վայր։

Հունիսի 17-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա, հայտնաբերվել էր հունիսի 15-ից որոնվող 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։