Սխալ ընտրված արևային ակնոցը կարող է վնասել տեսողությանը և առողջությանը

Արևային ակնոցները միաժամանակ և՛ անհրաժեշտություն են, և՛ նորաձևության ու գեղեցկության կարևոր տարր: Թեև շատերը դրանք դիտարկում են որպես ոճային աքսեսուար, դրանց առաջնային և ամենակարևոր գործառույթը առողջության պահպանումն է: Որակյալ ակնոցները պետք է ունենան UV400 պաշտպանություն, որը կասեցնում է վնասակար ճառագայթների 99-100%-ը: Արևի տակ երկար մնալն առանց ակնոցի կարող է նպաստել կատարակտի և կոնյունկտիվիտի զարգացմանը։ Ակնոցը կանխում է կուրացնող լույսի անդրադարձը, ինչը հատկապես կարևոր է մեքենա վարելիս կամ ջրի և ձյան մոտ գտնվելիս (այս հարցում օգնում են պոլարիզացված լույսով ոսպնյակները)։

Ի վերջո, արևային ակնոցներ կրելն ուղղակիորեն կապված է դեմքի գեղեցկության պահպանման հետ։ Երբ լույսը ծակում է աչքերը, մենք ակամա կկոցում ենք դրանք: Դա բերում է աչքերի շուրջ վաղաժամ կնճիռների («սագի թաթիկներ») առաջացմանը։ Աչքերի շուրջ մաշկը չափազանց բարակ է և արագ է ծերանում արևի ճառագայթներից: Լայն շրջանակով ակնոցները ծառայում են որպես հուսալի վահան, նույնիսկ այդ հատվածում SPF քսուքի բացակայության դեպքում: Ակնոցը ցանկացած կերպար ամբողջացնող և անհատականությունն ընդգծող հզոր գործիք է։

Սխալ ընտրված արևային ակնոցը կարող է վնասել տեսողությանը և առողջությանը, ընտրության ժամանակ պետք է առաջնորդվել 6 հիմնական սկզբունքներով.

  1. Ուլտրամանուշակագույն (UV) պաշտպանության մակարդակը, որն ակնոցի ամենակարևոր բաղադրիչն է: Ոսպնյակների վրա փնտրեք UV400 կամ 100% UV Protection գրառումը: Սա նշանակում է, որ ակնոցը կլանում է մինչև 400 նանոմետր երկարությամբ բոլոր վնասակար (UVA և UVB) ճառագայթները: Մուգ գույնը պաշտպանություն չէ: Պարզապես մութ կամ սև ոսպնյակը առանց UV ֆիլտրի ավելի վտանգավոր է, քանի որ մթության մեջ աչքի բիբը լայնանում է, և վնասակար ճառագայթները մեծ քանակությամբ թափանցում են ցանցաթաղանթի վրա:
  2. Լույսի թափանցելիության դասը` ակնոցի պիտակի կամ շրջանակի ներսի մասում սովորաբար նշվում է ֆիլտրի դասը Cat 0-ից մինչև Cat 4.

Cat 2` նախատեսված է քաղաքային պայմանների և փոփոխական ամպամածության համար:

Cat 3` լավագույն ընտրությունն է Հայաստանի պես արևոտ երկրների, ամռանը ծովափ գնալու կամ մեքենա վարելու համար (բաց է թողնում լույսի միայն 8-18%-ը):

Cat 4` չափազանց մութ է, նախատեսված է միայն բարձրալեռնային (ձնառատ) վայրերի համար: Արգելվում է կրել մեքենա վարելիս:

  1. Ոսպնյակների նյութը և օպտիկական որակը` ոսպնյակները չպետք է աղավաղեն պատկերը, քանի որ դա առաջացնում է աչքերի լարվածություն և գլխացավ: Ակնոցները սովորաբար պատրաստում են պլաստիկից, ինչը թեթև է, հարվածադիմացկուն, չի կոտրվում փոքր կտորների և անվտանգ է սպորտով զբաղվելիս կամ երեխաների համար: Ապակին ապահովում է առավելագույն հստակություն և քիչ է քերծվում, սակայն ծանր է և կոտրվելիս կարող է վնասել աչքը:
  2. Պոլարիզացված ոսպնյակները կտրում են հորիզոնական մակերևույթներից (ջուր, թաց ասֆալտ, մեքենայի դիմապակի, ձյուն) անդրադարձող կուրացնող ճառագայթները: Դրանց առավելությունն այն է, որ ազատում են աչքերը լարվածությունից և ապահովում հարմարավետություն: Դրանք հարմար են վարորդներին, ձկնորսներին և բացօթյա ակտիվ հանգստի սիրահարներին:
  3. Ոսպնյակների գույնը ոչ միայն ոճ է, այլև ֆունկցիոնալություն. Մոխրագույն/կանաչ երանգները չեն փոխում բնական գույները, հարմար են ամենօրյա կրման համար: Շագանակագույնը բարելավում է պատկերի հակադրությունը և հարմար է մեքենա վարելու համար: Դեղին/Նարնջագույն երանգները լավացնում են տեսանելիությունը մշուշի, ամպամածության և մթնշաղի ժամանակ (սպորտային ակնոցներ):
  4. Գնման վայրը` ակնոց գնել փողոցային բացօթյա կրպակներից կամ անհայտ առցանց հարթակներից խորհուրդ չի տրվաում, քանի որ դրանք հիմնականում չունեն պաշտպանիչ ֆիլտրեր:

Մասնագիտացված օպտիկայի սրահներում առկա են հատուկ սարքեր (UV-տեստերներ), որոնց միջոցով տեղում կարելի է ստուգել ոսպնյակի պաշտպանության իրական մակարդակը: 

ԵՊՀ ռեկտոր՝ Արմեն Մուրադյան