«Խաղաղության գործընթացը տապալող» և «տեռորիստ»
Մեր հարևան երկրում փորձագիտական ու սոցմեդիա հարթակներում սպասելիորեն քննարկումներ են ընթանում հայաստանյան ընտրությունների հետ կապված: Բնականաբար, խաղաղասեր ադրբեջանցիները չեն թաքցնում իրենց ոգևորությունը, որ ընտրություններին մասնակից ուժերը հայտարարում են, թե ստարագրելու են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը նախաստորագրված դրույթների հիմքով: Հետաքրքրական է, որ այս համատեքստում ադրբեջանցիները անթույլատրելի են համարում հայկական խորհրդարանի «մարուքյանացումը»՝ Փաշինյանից և նրա հիմնական ընդդիմությունից դուրս երրորդ բևեռի ձևավորումը, որ հստակ հանդես է գալիս 2025 թվականի օգոստոսի 8-ի նախաստորագրված փաստաթղթի դեմ, հրաժարվում է ընդունել հայերի կողմից Առաջին Արցախյան պատերազմում ադրբեջանական ժողովրդի դեմ իրականացված ռազմական հանցագործությունների և Խոջալուի գենոցիդի փաստը, պահանջում է արցախահայության վերադարձ Ադրբեջանի սուվերեն տարածք:
«Հայաստանի գլխավոր հակաադրբեջանական հռետորներից մեկը», Ադրբեջանի համար «անհարմար», «խաղաղության գործընթացը տապալող» գործիչ…Սրանք Լուսավոր Հայաստան կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանին վերջին ամսվա ընթացքում տրված ադրբեջական պիտակներն են:
Շնորհավորում եմ, պարոն Մարուքյան, սա չափազանց բարձր գնահատական է:
Շնորհավորում եմ նաև Կարպիս Փաշոյանին, ում անվանում են ահաբեկիչ՝ «տեռորիստ»:

