Ավարտվել է ԱԺ ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունը. տպագրվել է ավելի քան 47 մլն քվեաթերթիկ (տեսանյութ)

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ «Տիգրան Մեծ» տպարանում ավարտվել է Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի քվեաթերթիկների տպագրությունը:

ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանի փոխանցմամբ՝ ընդհանուր տպագրվել է 47 միլիոն 310 հազար 768 քվեաթերթիկ՝ բոլոր մասնակից կուսակցությունների և դաշինքների համար։ Յուրաքանչյուր քաղաքական ուժի համար տպագրվել է 2 մլն 628 հազար 376 քվեաթերթիկ։ Այս քանակը հաշվարկվել է՝ հիմք ընդունելով ընտրողների ընդհանուր թիվը (ոստիկանության տվյալներով՝ 2 մլն 505 հազար 102), որին ավելացվել է մինչև 5 տոկոս պահուստային քանակ։

ԿԸՀ-ն ընտրողներին հիշեցնում է քվեարկության կարևոր կանոնները.
Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ (16 կուսակցություն և 2 դաշինք)։

Ընտրատեղամասում քաղաքացին պարտադիր կերպով ստանալու է 18 քվեաթերթիկ (մեկական՝ յուրաքանչյուր ուժի համար)։

Քվեարկության խցիկում ընտրողը պետք է ընտրի միայն մեկ քվեաթերթիկ, այն առանց ծալելու կամ նշում անելու դնի քվեարկության ծրարի մեջ, իսկ մնացած 17 քվեաթերթիկները գցի խցիկում տեղադրված հատուկ արկղի մեջ։

Խցիկից դուրս գալուց հետո ծրարը պետք է մոտեցնել հանձնաժողովի համապատասխան անդամին, ով ծրարի վրա կփակցնի ինքնասոսնձվող դրոշմանիշը, որից հետո միայն ընտրողն այն կգցի քվեատուփի մեջ։

ԿԸՀ-ն ընդգծում է, որ քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն։ Ընտրողն իրավունք չունի խցիկից դուրս գալուց հետո բացահայտել, թե որ ուժի օգտին է քվեարկել։