Յուրաքանչյուր երեխա ունի անհոգ մանկության իրավունք․ Արցախի Հանրային խորհուրդ
Արցախի Հանրային խորհուրդը Երեխաների պաշտպանության օրվա առիթով ուղերձ է հղել.
«Յուրաքանչյուր երեխա ունի կյանքի, անվտանգության, ազատ տեղաշարժի, սննդի, կրթության և անհոգ մանկության իրավունք։
Ցավոք, 2020 թվականից ի վեր բոլոր այդ իրավունքները խախտվել էին Արցախի երեխաների համար։ Նրանք անցել են ծանրագույն արհավիրքների միջով՝ պատերազմ, շրջափակում, բռնի տեղահանում և իրենց հայրենի միջավայրից զրկվելու ցավալի փորձություն, ինչը խոր հետք է թողել նրանց մանկության, հոգեբանության և ապագայի զգացողության վրա։
Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը վերահաստատում է՝ երեխաների իրավունքների պաշտպանությունը պետք է լինի բոլորի առաջնահերթությունը՝ անկախ քաղաքական, աշխարհաքաղաքական կամ այլ հանգամանքներից։
Մաղթում ենք, որ ոչ մի երեխա այլևս ստիպված չլինի անցնել նման արհավիրքների միջով և յուրաքանչյուր երեխա ապրի խաղաղ, անվտանգ, արժանապատիվ ու սիրով լի միջավայրում»։

