Սիրիայի նախագահը Թրամփի հետ քննարկել է Դամասկոսի նկատմամբ մնացած պատժամիջոցների չեղարկումը
Սիրիայի նախագահ Ահմադ աշ-Շարաան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սիրիայի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները։ Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ աշ-Շարաան ընդգծել է Սիրիային միջազգային աջակցությունը շարունակելու կարևորությունը վերակառուցման և վերականգնման փուլում՝ հավելելով, որ մնացած պատժամիջոցների վերացումը կարևոր քայլ է Սիրիայի տնտեսության վերականգնման և քաղաքացիների կենսապայմանների բարելավման համար։
Նա նաև ընդգծել է, որ պատժամիջոցների վերացումը կխրախուսի ներդրումները և կստեղծի նպաստավոր միջավայր տնտեսական և զարգացման նախագծերի համար։
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում անվտանգության զարգացումներին և տարածաշրջանային լարվածությունից բխող մարտահրավերներին։ Նախագահ աշ-Շարաան ընդգծել է ճգնաժամերը հաղթահարելու համար դիվանագիտական լուծումներին և երկխոսությանը առաջնահերթություն տալու կարևորությունը, որով կամրապնդվի տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը։
ԱՄՆ նախագահ Թրամփը ընդգծել է կայունության պահպանման և Սիրիայում վերականգնման ու վերակառուցման ջանքերին աջակցելու կարևորությունը։
Կողմերը համաձայնել են շարունակել շփումն ու համակարգումն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

