Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրն է

Մայիսի 28-ը Հայաստանի տոնացույցի նվիրական օրերից մեկն է՝ Հանրապետության տոնը: 1918-ի հենց այս օրը՝ Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Ծանր մաքառումների գնով՝ Բաշ-Ապարանի, Սարդարապատի և Ղարաքիլիսայի հերոսամարտերով ձեռք բերվեց երկար սպասված պետականությունը: Հաղթանակ տանելով թուրքական բանակի նկատմամբ`   հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքերի ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից:

20-րդ դարասկզբի ողբերգություններից հետո՝ հայրենազրկումից, ցեղասպանության ենթարկվելուց ընդամենը երեք տարի անց հայ ժողովուրդը կարողացավ ինքնակազմակերպվել, ինքնապաշտպանական կռիվներ մղել, հաղթել և ստեղծել պետություն:

Ցավոք, Առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ: 1920 թվականի դեկտեմբերի 2-ին 11-րդ կարմիր բանակը մտավ Հայաստանը և այն հռչակեց Խորհրդային Հանրապետություն։ Հայաստանն անկախությունը վերականգնեց միայն 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացրած հանրաքվեով: