ՀՀ քաղաքացիների համար Ռուսաստանում գործող միգրացիոն արտոնությունները կարող են չեղարկվել. ՌԴ Պետդումայի փոխխոսնակ
ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը չի բացառել, որ Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստանում գործող միգրացիոն արտոնությունները կարող են չեղարկվել, եթե Հայաստանը կորցնի Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի կարգավիճակը։ Հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Կուզենայի նախազգուշացնել բոլոր այն գործիչներին, որոնք այսօր փորձում են հեռանալ Ռուսաստանից, որ Հայաստանի համար շատ ավելի վատ կլինի, եթե Ռուսաստանը սկսի հեռանալ Հայաստանից։ Հայաստանի քաղաքացիների համար գործող ներկայիս արտոնությունները՝ օրինակ գրանցման առանց երկարատև բնակությունը և ՌԴ-ում աշխատանքի պարզեցված կարգը, հիմնված են ռազմավարական դաշնակցի կարգավիճակի վրա»,- ասել է Տոլստոյը Պետդումայում անցկացված կլոր սեղանի ժամանակ։
Նրա խոսքով՝ եթե այդ կարգավիճակը վերանայվի կամ վերանա հայկական քաղաքական ղեկավարության նախաձեռնությամբ, ապա այդ արտոնությունները կչեղարկվեն, և Հայաստանի քաղաքացիները կանցնեն ընդհանուր միգրացիոն ռեժիմի, որը գործում է բոլոր օտարերկրացիների համար։
Տոլստոյը հիշեցրել է, որ Ռուսաստանում կա մեծ հայկական սփյուռք։ Նրա խոսքով՝ Ռուսաստանում հայերի բնակությունն ու աշխատանքը, ինչպես նաև Հայաստանի բիզնեսի գործունեությունը ՌԴ-ում «հակառուսական հայտարարություններով և ոչ բարեկամական քայլերով դրվում են կասկածի տակ»։
Նա նաև նշել է, որ Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ անդամակցության հետ կապված առավելությունները՝ հակառուսական հայտարարությունների, ռուսաց լեզվի նկատմամբ ճնշումների և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ «ջերմ հարաբերությունների» պատճառով։
Տոլստոյի կարծիքով՝ «Հայաստանի ժողովուրդը պետք է որոշում կայացնի իրավիճակի հետագա զարգացման վերաբերյալ»։
Նա հավելել է, որ որպես Պետդումայի փոխնախագահ՝ ինքն անձամբ համակարգում է Հայաստանի հետ հարաբերությունները։

