«ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ» ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԸ` ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հայաստանի ժուռնալիստների միությունն ու մրցութային հանձնաժողովն ամփոփել են «ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ քվեարկության արդյունքները: 

Ի սկզբանե որոշված էր, որ մրցութային հանձնաժողովը կընտրի այն արժանավոր լրագրողին, որը մասնագիտական գործունեությամբ ու պրոֆեսիոնալ բարձր որակներով աչքի է ընկել իր ամբողջ կարիերայի ընթացքում, ուստի մրցույթին մասնակցության հայտեր չեն ընդունվել։

Մրցանակակրին ընտրելու համար ձևավորվել էր մրցութային հանձնաժողով՝ հետևյալ կազմով՝

  1. Սաթիկ Սեյրանյան – Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» թերթի և «168.am» կայքի գլխավոր խմբագիր, մրցութային հանձնաժողովի նախագահ
  2. Վարդան Ալոյան – «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնի պրոդյուսեր
  3. Հակոբ Բադալյան – քաղաքական վերլուծաբան, հրապարակախոս
  4. Արմեն Բաղդասարյան – քաղաքական վերլուծաբան, հրապարակախոս
  5. Նարեկ Գալստյան – 24News.am կայքի հիմնադիր և խմբագիր, քաղաքական մեկնաբան
  6. Ալիսա Գևորգյան – լրագրող
  7. Հարություն Հարությունյան – «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն
  8. Արտակ Հերիքյան – «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար, հեռուստահաղորդավար, մեկնաբան
  9. Դավիթ Սարգսյան – լրագրող

Եվ այսօր՝ անվանի լրագրող-հրապարակախոսի ծննդյան օրը, մրցութային հանձնաժողովն իր 9 անդամների միաձայն կողմ քվեարկությամբ «ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ» ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԸ շնորհել է ճանաչված հրապարակախոս, «Առավոտ» օրաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ՝ իր երկարամյա ստեղծագործական սկզբունքային գործունեության, ազնիվ ու անկողմնակալ լրագրությանը դավանելու, մարդկային որակների, գործընկերներին ու լրագրողների երիտասարդ սերնդին արժեհամակարգ փոխանցելու, լրագրողական ուրույն ձեռագիր ունենալու գնահատելի որակների համար: 

2025 թվականին՝ մրցանակաբաշխության մեկնարկից մեկ տարի առաջ, Արմեն Դուլյանի ընտանիքը և գործընկերները նախաձեռնեցին մրցանակային արձանիկի բնօրինակի ստեղծումը, որի հիման վրա Հայաստանի ժուռնալիստների միությունն ամեն տարի կստեղծի կրկնօրինակը և կհանձնի մրցանակակրին։ Բրոնզե արձանիկի բնօրինակը պատրաստվեց reArmenia-ի հարթակում հանրային դրամահավաքի շնորհիվ։ Հեղինակը երիտասարդ քանդակագործ Արման Համբարձումյանն է, որը մրցանակային արձանիկի հեղինակային իրավունքն ամբողջովին զիջել է Արմեն Դուլյանի ընտանիքին։

2026 թվականի մրցանակային արձանիկի կրկնօրինակը ևս պատրաստել է հեղինակը և հանձնել Հայաստանի ժուռնալիստների միությանը։ 

«Արմեն Դուլյան» մրցանակաբաշխությունը կազմակերպելու համար Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարել է հանրային դրամահավաքի մասին:

Հայաստանի ժուռնալիստների միությունը մրցանակակրին կշնորհի 600 հազար դրամ պարգև և մրցանակային արձանիկի՝ 2026-ի պատճենը։ 

Առաջիկայում կհայտարարվի մրցանակի հանդիսավոր հանձնման միջոցառման մասին:

Շնորհավորում ենք առաջին մրցանակակիր ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ