ՀՅԴ ՀԵՄ անդամներն ակցիա են իրականացրել ԵՄ գրասենյակի դիմաց և ակնոց նվիրել
Հայաստանում արդեն երկար ժամանակ իշխանությունների կողմից խախտված են թե իրավական, թե բարոյական, թե օրենսդրական բոլոր նորմերը, իսկ Եվրոպական Միության աչքերը այդ իրողությունների վրա փակ են։ Այս մասին ԵՄ գրասենյակի մոտ անցկացված ակցիայի ժամանակ ասել է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչ Ժորա Ավդալյանը։
«Մենք այս շենքում գտնվող մարդկանց բերել ենք մի նվեր, բերել ենք այս ակնոցները, որով հնարավոր է, որ նրանց աչքերը բացվեն և նրանք տեսնեն և գնահատեն Հայաստանում տեղի ունեցող բռնաճնշումներն իշխանությունների կողմից, լուռ չեն մնալու այդ ամենի վերաբերյալ և չեն առաջնորդվելու երկակի ստանդարտներով»,- ասաց նա։
ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության անդամ Ստելլա Հունանյանն էլ նշեց, որ եվրոպական գործընկերները պիտի հասկանան, որ Հայաստանում որևէ մեկին չեն կարող խաբել։
«Չի կարող Հայաստանում հավաքվել ամբողջ Եվրոպայի էլիտան և աչքերը փակել Հայաստանի համար ամենակարևորագույն հարցի վրա՝ շուրջ 150 000 մարդկանց տեղահանություն Արցախից։ Ոչ մի բառ այդ մասին, վերադարձի իրավունքի մասին ոչ մի խոսք, գերիների մասին ոչ մի խոսք։ Իսկ այսօր իրենց այդքան քննադատված և քննարկված հիբրիդային պատերազմի ֆորմատում առաջին խաղացողը Նիկոլ Փաշինյանն է։ Մենք կույր չենք, ի տարբերություն իրենց։ Մեզ պարզապես վիզաների ազատականացմամբ խաբելը շատ դժվար է, մենք չենք կարող համակերպվել մեր հայրենիքի կորուստի հետ, դրա դիմաց ստանալով վիզաների ազատականացում»,- ասել է նա։

