Մեր ընտրություններին ադրբեջանական միջամտության նոր դեպք` հօգուտ նրա, որ վերընտրվեն Փաշինյանն ու ՔՊ-ն. Թաթոյան (տեսանյութ)

«Մեր ընտրություններին ադրբեջանական միջամտության նոր դեպք` հօգուտ նրա, որ վերընտրվեն Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։ 

Նա հիշեցնում է, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր՝ հայերին պետք են հոգեբույժներ, հոգեբաններ, բժիշկներ, իսկ  Հայաստանից չեղավ որևէ պատասխան։

«Դրանից հետո Ադրբեջանում սկսեցին հրապարակումներ, նրանց պատգամավորներից մեկը սպառնալից հայտարարություններ է արել, որ հայերը պետք է վերջապես խելքի գան, Ադրբեջանի նախագահը ճիշտ է ասել, մեզ անմիտ հասարակություն է  անվանել, հետո էլ ասել է՝ ընտրություններից առաջ հայ հասարակությանը պետք է ցույց տալ, որ ուժը, երկաթե բռունցքը տեղում է։ Սա ակնհայտ միջամտություն է»,- նշում է Ա. Թաթոյանը։ 

Նա այդ փաստերը կուղարկի Հայաստանում Եվրամիության պատվիրակությանը:

«Եթե իշխանության հայտարարության հիմքով ԵՄ-ը պայքարում է Ռուսաստանի միջամտության դեմ, ինչը լավ է, ուրեմն հավասար պետք է կանխվի նաև ադրբեջանական միջամտությունը:

Պետք է պաշտպանենք հայ ժողովրդին, որ ընտրություն անենք ոչ թե վախերով, այլ հանուն մեր երկրի ու ժողովրդի շահերի»,- ասում է Ա. Թաթոյանը։